Հայաստանի Հանրային խորհրդի ընտրություններն ավարտվել են խոշոր սկանդալով

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի ու արտաքին ինտեգրման» հանձնաժողովի նիստը: Նիստը վարում էր հանձնաժողովի համակարգող Կարեն Բեքարյանը: Նիստին ներկա էին Հանրային խորհրդի համակարգողներ Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, ինչպես նաեւ նախագահական աշխատակազմի ներկայացուցիչը: Նիստին հանձնաժողովի գրանցված 192 անդամներից ներկա էին 156-ը: Օրակարգում մեկ հարց էր` հանձնաժողովի նախագահի ընտրությունները, որն ըստ կանոնադրության ինքնաբերաբար դառնում է Հանրային խորհրդի 12 անդամներից մեկը:



13 առաջադրված թեկնածուներից 5-ը անմիջապես ինքնաբացարկ են հայտարարել: Մյուս 8 թեկնածուներին տրամադրվել է 10 րոպե ելույթների համար, որից հետո հայտարարվել է, որ ընտրություններն անցնելու են փակ քվեարկությամբ եւ ընտրվել է 7 հոգուց կազմված հաշվիչ հանձնաժողով:



Ձայների հաշվարկից հետո, առաջին տեղում էր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դոցենտ Գագիկ Մանասյանը 71 ձայնով, երկրորդ տեղում` Ռուբեն Սաֆրաստյանը 39 ձայնով եւ երրորդ տեղում` Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Թեկնածուն ընտրված է համարվում, եթե նրա օգտին քվերակել է ընտրողների ընդհանուր թվի 50 տոկոս+1: Այսինքն, հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել քվեարկությանը մասնակցած 141 պատվիրակներից 71 ձայնը:





Ձայների հաշվարկման ընթացքում, հաշվիչ հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սահակյանը հայտարարել է, որ ընտրությունները կեղծվում են: Պարզվեց, որ որոշիչ 71-րդ քվեաթերթիկն անվավեր էր, քանի որ այնտեղ շատ ջնջումներ կան, եւ պարզ չէ թե ում օգտին է քվեարկել պատվիրակը: Չնայած դրան, քվեաթերթիկը հաշվառվեց Գագիկ Մանասյանի օգտին, որին հենց մեկ ձայն էր պակասում հաղթանակի համար:



Հանրային խորհրդի համակարգող Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ իրավաբանական տեսակետից այս քվեարթերթիկն անվավեր է համարվում, որից հետեւում է, որ հարկավոր է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին երկու թեկնածուները: Վազգեն Մանուկյանն առավել կոշտ արտահայտվեց եւ հայտարարեց, որ ինքն անվավեր է համարում ընտրությունների ողջ գործընթացն ու հանձնաժողովի նիստը: «Սա ոչ խորհրդարան է, ոչ կառավարություն, ոչ նախագահի աշխատակազմ, սա մարմին է, որտեղ պետք է լսելի լինի հասարակության եւ նրա յուրաքանչյուր անդամի ձայնը: Ես որպես համակարգող նիստը հայտարարում են չկայացած եւ փակ»,-հայտարարել է նա:



Դրան հաջորդեց Գագիկ Մանասյանի ու Ռուբեն Սաֆրաստյանի կողմնակիցների բուռն լեզվակռիվը, ինչը ստիպեց Վազգեն Մանուկյանին նետել թղթերը եւ դուրս գալ:



Միջադեպից հետո Գագիկ Մանասյանը հաղորդեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ պատրաստվում է դիմել դատարան: «Ես գտնում եմ, որ ամեն ինչ Խոսրով Հարությունյանն էր կազմակերպել: Այս շոուն համակարգողներին էին սարքել` անցկացնելու համար իրենց թեկնածու Ռուբեն Սաֆրաստյանին»,-հայտարարել է նա:



Թե ինչով կավարտվի այս պատմությունը, կլինի երկրորդ փուլ թե նոր ընտրություններ, հայտնի կդառնա առաջիկայում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---