Ավինյան․ Կասկադի բոլոր ծառերը պետք է փոխարինվեն, թե ինչով՝ հանրային քննարկման թեմա է

Ավինյան․ Կասկադի բոլոր ծառերը պետք է փոխարինվեն, թե ինչով՝ հանրային քննարկման թեմա է

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական նիստում, անդրադառնալով Կասկադում ծառահատումների անհրաժեշտությանը, ասել է, որ այդ հատվածի բոլոր ծառատեսակները միանշանակ պետք է փոխարինվեն։

«Կասկադը Երևանի սիրտն է, և այդ սրճարանների մոտի բոլոր ծառատեսակները միանշանակ պետք է փոխարինվեն։ Թե ինչով պետք է փոխարինվեն, այն հարցերից է, որ պետք է դրվի հանրային քննարկման։ Գալիք 50-100 տարվա համար մենք նախանշում ենք, թե ինչ տեսք է ունենալու Կասկադը։ Այդտեղ երևանցիների կարծիքը կարելի է և պետք է հաշվի առնել։ Կարծում եմ, որ եթե ճապոնացիները կարողացել են սակուրա տեսակից, որը բալենի է, ծաղկելը ստանալ, միրգը՝ չստանալ, մենք, վստահաբար, նույնը կարող ենք անել ծիրանենու հետ։ Խնդրում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել», - հայտարարել է Տիգրան Ավինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշել է, որ փոխարինվող 2500 ծառից ընդամենը 150-ն է սակուրա։

«Բայց լրատվական հոսքից ինձ մոտ տպավորություն էր, թե մենք գնել ենք 2500 սակուրա։ Նշեմ, որ սակուրան միայն Ճապոնիայում չի աճում, Վաշինգտոնում էլ կա և, իրապես, շատ գեղեցիկ ծառեր են», - ասել է Ավինյանը՝ անդրադառնալով Կասկադի հին ծառերը սակուրաներով փոխարինելու քննարկումներին։

Նա հավելել է, որ բոլոր ինվազիվ տեսակի ծառատեսակները, որոնք իրենց կենսունակության ավարտին են մոտեցել, պետք է փոխարինվեն, և դա, ընդհանուր առմամբ, 7-8 տարվա ծրագիր է՝ մոտ 200,000 ծառ պետք է տնկել։

«Սա նշանակում է, որ մենք չպետք է անընդհատ գնենք այդ ծառերը։ Պետք է ունենանք տնկարաններ, պետք է աշխատենք այդ տնկիների վրա և ստանանք այն տեսակները, որոնք դառնալու են Երևանի կանաչ դեմքը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կասկադի հարակից տարածքում հատված ծառերի փոխարեն 46 սակուրա կտնկվի։ Հանրության շրջանում և սոցցանցերում մեծ դժգոհություն էր բարձրացել, քանի որ հատվել են հաստաբուն ծառեր։ Օգտատերերից շատերը նշել էին, որ հատված ծառերն արդեն բողբոջել էին։

Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, անդրադառնալով քաղաքապետարանի կողմից հաստաբուն ծառերի հատմանը Կասկադի հարակից տարածքում, ասել էր, որ Երևանում ծառերի փոխարինման խնդիր իսկապես կա, բայց այդ գործընթացն այս մեթոդաբանությամբ չի կարելի իրականացնել։ Նա ասել է, որ Կասկադում ծառերի հատման ծրագիրը կասեցվել է՝ ընտրված ծառատեսակները ոչ Կասկադի համար են հարմար, ոչ էլ Մոսկովյան փողոցի, քանի որ դրանք գաճաճ, փոքրիկ տեսակներ են, և քաղաքի համար որևէ լուրջ խնդիր չեն լուծում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---