Դվինում պեղումներ են․ Հարակից տարածքում թանգարան և հնագիտական հանգրվան կկառուցվի

Դվինում պեղումներ են․ Հարակից տարածքում թանգարան և հնագիտական հանգրվան կկառուցվի

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ:

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։

Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը:

«Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

2023 թ. պեղումներ իրականացվելու են մարտ-ապրիլ ամիսներին:

Դվինը Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկն է։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։

Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ, բազմոցներ, գեղեցիկ ու թանկարժեք գորգեր, հախճապակյա առարկաներ, որդան կարմիր։ Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով (1225), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարների արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---