Չավուշօղլու․ Թուրքիայում ՀՀ դեսպանության հարցն օրակարգում չէ, անցակետի բացման ուղղությամբ ենք աշխատում

Չավուշօղլու․ Թուրքիայում ՀՀ դեսպանության հարցն օրակարգում չէ, անցակետի բացման ուղղությամբ ենք աշխատում

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այդ մասին նա ասել է A Haber հեռուստաալիքի եթերում, հայտնում է «Ազատությունը»։

«Մոտ ապագայում (Հայաստանի դեսպանատան բացումը) կարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել։ Բայց ցամաքին անցակետեր բացելու համար, քաղաքական պայմաններին զուգահեռ, նախ պետք է ճանապարհներ պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն ունենք կամրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասել է նա։

Սակայն Չավուշօղլուն մանրամասնել է, որ ցամաքային սահմանի բացումը ենթադրվում է իրականացնել «դիվանագիտական անձնագրերի սեփականատերերի կամ երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար»։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր քայլ, որ ձեռնարկվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, կատարվում է Ադրբեջանի հետ խորհրդակցություններից հետո։

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---