ԿԳՄՍՆ․ Ադրբեջանի դրոշի միջադեպը կապ չունի մարզիկների անվտանգության ապահովման հետ

ԿԳՄՍՆ․ Ադրբեջանի դրոշի միջադեպը կապ չունի մարզիկների անվտանգության ապահովման հետ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։

«Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՀՀ-ն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։

«Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 14-ի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանը բեմ է բարձրացել, այրել Ադրբեջանի դրոշն ու հեռացրել այն դահլիճից։ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել։ Նիկոլյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական վարույթ չի նախաձեռնվի՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել են, որ Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---