Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակի աղբյուր-հուշակոթող է բացվել

Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակի աղբյուր-հուշակոթող է բացվել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Երևանի սրտում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողը:

Հուշակոթողին փորագրված են նրանց անունները՝ Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեվորգյան, Պետրոս Տեր Պողոսյան։

Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ, քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

«1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև այս հուշարձանի միջոցով, որը հարգանքի տուրք, յուրօրինակ խոնարհում ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության պատգամ է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները:

Բացման արարողության ժամանակ, երբ խոսք է վերցրել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, հանդիսավոր արարողության մասնակիցների շարքերից հնչել են սուլոցներ, «դավաճան» վանկարկումներ, Արցախի անկախությունը եւ Հայաստանի անվտանգությունը վտանգի տակ դրած իշխանություններին հեռացնելու կոչեր, հայտնում է «Առավոտը»։

Փոխքաղաքապետը չի ընդհատել իր խոսքը և ելույթը շարունակել է սուլոցների ներքո:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---