Փաշինյանը՝ Միշելին․ Ադրբեջանի քայլերը միտված են ԼՂ-ում էթնիկ զտումներին

Փաշինյանը՝ Միշելին․ Ադրբեջանի քայլերը միտված են ԼՂ-ում էթնիկ զտումներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում մտքեր է փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:

Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում»։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---