«Գիտուժը» լուրջ մտահոգված է Ակադեմիական քաղաքի և գիտության քաղաքականության զարգացումներով

«Գիտուժը» լուրջ մտահոգված է Ակադեմիական քաղաքի և գիտության քաղաքականության զարգացումներով

PanARMENIAN.Net - «Գիտուժ» նախաձեռնությունը բարձրաձայնում է Ակադեմիական քաղաք նախագծի և գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումների վերաբերյալ իր լրջագույն մտահոգությունները և այն հիմնավոր հարցերը, որոնց պատկան մարմինները պարտավոր են պատասխանել՝ մինչև ցանկացած գործընթաց մեկնարկելը։

Նշվում է, որ ըստ բովանդակությամբ դեռևս գոյություն չունեցող Ակադեմիական քաղաքի նախագծի շուրջ ծավալված պաշտոնական զրույցների և հայտարարությունների՝ նախատեսվում է Երևանից դուրս տեղափոխել որոշ պետական համալսարաններ և գիտական ինստիտուտներ, ինչպես նաև միջազգային և միջպետական բուհեր։

Մասնավորապես, այդ մտահոգությունները և հարցերն են.

«1. Անընդունելի է գիտությունը դիտարկել միայն կրթությանը սպասարկող, առավել ևս կրթությանը ենթակա բաղադրիչ։

Ակադեմիական քաղաքի նախագծի հեղինակների սահմանած բոլոր թիրախները բխում են կրթության մասին ռազմավարությունից։

Մասնավորապես, նախագծի մասին քննարկումների մեջ բացակայում են երկրի կարիքներից և նպատակներից բխող ԳՀՓԿ (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական) աշխատանքների պետական պատվերի համակարգի ստեղծման, մասնավոր ԳՀՓԿ աշխատանքները (private R&D) զարգացնելու, Հայաստանի համար գիտության գերակա ուղղությունները վերջապես սահմանելու, մրցունակ գիտնականների քանակն ավելացնելու, գիտությունը տնտեսության հետ կապելու մեխանիզմներ մշակելու մասին հարցերը և թիրախները։

Այսինքն՝ Հայաստանում պարզապես գոյություն չունի գիտության/ԳՀՓԿ աշխատանքների մասին ոչ մի ռազմավարություն, ոչ մի հայեցակարգ որի վրա հնարավոր կլիներ հղում տալով սահմանել գիտության համար թիրախային նպատակները։

Ստացվում է, որ Ակադեմիական քաղաք նախագիծը սպասարկում է միայն կրթությունից բխող նպատակները՝ դիտարկելով գիտությունը միայն կրթության որակի բարձրացմանը նպաստող բաղադրիչ։

2․ Նախագիծ՝ առանց մշակված բովանդակության։

Ակադեմիական քաղաքի մասին բացի վայրից և ֆիզիկական միջավայրի մասին բավականին մակերեսորեն սահմանված ցանկություններից ոչ մի այլ տեղեկատվություն չկա։ Չգիտենք՝ ո՞ր համալսարաններն են նախատեսում տեղափոխել և ո՞ր գիտական ինստիտուտների կամ գիտական խմբերի հետ են ցանկանում միավորել/ինտեգրել, ի՞նչ սկզբունքի կամ հաշվարկի վրա է այդ ամենը որոշվում։ Շատ կարևոր հարց է՝ ինչպե՞ս և ովքե՞ր են կառավարվելու Ակադեմիական քաղաքը և, հատկապես, դրա գիտահետազոտական բաղադրիչը, ի՞նչ մեխանիզմներ են մշակվելու գիտության անկախությունն ապահովելու և, հարկ եղած դեպքում, իշխանական մարմինների ոտնձգություններից պաշտպանելու համար։

3․ «Գիտուժ» նախաձեռնությունն ահազանգում է ՀՀ գիտական ինստիտուտների և դեռևս մնացած գիտական ներուժի վրա ծառացած վտանգի մասին։

Գիտական ինստիտուտները համալսարաններին կցելու մտահաղացման հեղինակների քայլերը և մոտեցումները, ցավոք, վկայում են, որ վերջիններս չեն գիտակցում ժամանակակից աշխարհում պետական գիտական հաստատությունների (public research institutions) դերը պետականաշինության և պետության մրցունակության ապահովման գործում։

Նման փոփոխություններ ձեռնարկելուց առաջ կառավարությունը պարտավոր է հանձնառություն վերցնել, որ նոր համակարգ չունենալով ոչ մի դեպքում չի քանդելու և չի խանգարելու գործող՝ գիտական ինստիտուտների կառավարման ակադեմիական համակարգում բարեփոխումներին ու ռազմավարական ներդրումներին։

Եթե ԳԱԱ նախագահությունը չի կարող բարեփոխումների իրատեսական ծրագիր առաջարկել կառավարությանը, ապա կառավարությունը՝ որպես ԳԱԱ հիմնադրի՝ ՀՀ գործադիր մարմին, պարտավոր է ապահովել նոր՝ ավելի երիտասարդ և միջազգայնորեն մրցունակ գիտնականների մուտքը ԳԱԱ նախագահություն, այլ ոչ թե քանդել այն։

4․ Գիտական ինստիտուտներն ու բուհերը մասնակցու՞մ են «Ակադեմիական քաղաք» նախագծի մշակմանը կամ քննարկումներում։

Այս ամիսների ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության անդամները բազմաթիվ հանդիպում-քննարկումներ են ունեցել պետական բուհերի ռեկտորների ու պրոռեկտորների, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտական ինստիտուտների տնօրենների և առանձին գիտնականների հետ։

Քննարկումների ընթացքում շահագրգիռ կողմերը կիսվել են Ակադեմիական քաղաքի վերաբերյալ իրենց տարաբնույթ մտահոգություններով, բողոքել անորոշ իրավիճակից և գործընթացի մեջ անգամ քննարկումների մակարդակում ներգրավված չլինելուց։

Նաև հանդիպել ենք ԿԳՄՍՆ-ի և ԳԿ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս մեզ հավաստիացրել էին, որ գիտությանը վերաբերող ցանկացած արմատական փոփոխություն անելուց առաջ լայն քննարկումներ են սկսելու շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Հարց է առաջանում. ե՞րբ են սկսելու պաշտոնյաների կողմից խոստացած այդ քննարկումները և ի՞նչ ֆորմատով։ Սեպտեմբերին արդեն ուշ է լինելու, քանի որ նախագծի մեկնարկն արդեն տրվել է, իսկ հայեցակարգը, ըստ եղած տեղեկատվության, արդեն վերջնականացման փուլում է։

5․ Ի՞նչ միջոցներով է ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու Ակադեմիական քաղաք նախագիծը։

Կարծում ենք ոչ միայն շահագրգիռ կողմերին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին պետք է տեղեկացնել, թե իրենց երկրի կառավարությունն ի՞նչ միջոցներով է պատրաստվում իրականացնել այսպիսի մեծ նախագիծը և ի՞նչ պայմաններով են այդ միջոցները տրվելու Հայաստանին: Ապագայում հաշվետվողականության ի՞նչ մեխանիզմներ են ապահովելու»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Գիտուժ» նախաձեռնությունն ամենայն ուշադրությամբ հետևելու է գործընթացներին և նախատեսում է բաց և փակ քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում նաև տարբեր հանրային դաշտերում։

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---