ԱԽ քարտուղար․ «Նեմեսիսի» արձանի տեղադրումը ՀՀ ներքին հարցն է՝ որևէ մեկն իրավունք չունի խառնվելու

ԱԽ քարտուղար․ «Նեմեսիսի» արձանի տեղադրումը ՀՀ ներքին հարցն է՝ որևէ մեկն իրավունք չունի խառնվելու

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ «Նեմեսիսի» մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրումը Հայաստանի ներքին հարցն է։

«Արձանի տեղադրումը Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկն իրավունք չունի դրան խառնվելու», - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Վերջին շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է «Նեմեսիս» հուշարձանի մասին՝ մասնավորապես հայտարարելով, թե Երևանին Անկարան ասել է`«եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։

Ավելի վաղ՝ Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելուց հետո, Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հուշարձանի տեղադրումը քաղաքային իշխանության որոշումն է եղել, չի արտահայտել ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Իսկ ՀՀ վարչապետը հավելել է, որ իր կարծիքով՝ արձանի տեղադրումը «սխալ որոշում էր»։

Հարցին, թե արդյոք հանուն հայ-թուրքական հարաբերությունների արձանը կապամոնտաժվի, Գրիգորյանն արձագանքել է. «Այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում, քաղաքական որոշում չի եղել»։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ հուշարձանը քանդելու մտադրություն չունեն։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---