Հաղպատի փլուզված աշտարակը ամբողջությամբ կվերականգնվի

Հաղպատի փլուզված աշտարակը ամբողջությամբ կվերականգնվի

PanARMENIAN.Net - Հաղպատի աշտարակը, որը վնասվել էր վերջին տարիների երկրաշարժերից, ինչի պատճառով էլ փլուզվել է մայիսի 14-ին, ամբողջությամբ կվերականգնվի։ Այդ մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ Հաղպատում պարբերաբար ամրակայման և վերականգնման աշխատանքներ իրականացվել են, սակայն վերջին մի քանի տարում՝ ոչ:

«Հաղպատի աշտարակը վնասվել էր վերջին երկրաշարժերից: Մարզային աշխատակիցները խնդիրը ֆիքսել էին մոտ երկու տարի առաջ ու ահազանգել, ինչից հետո մենք ենք գնացել Հաղպատ: Դեռ նախորդ տարվա իմ այցից հետո նախարարությունը հայտարարել էր ամրակայման և նորոգման նախագծի մասին, որովհետև ակնհայտ էր, որ փլուզման վտանգ կա: Նախագիծն ընդունվել է գիտամեթոդական խորհրդի կողմից: Վերականգնման մրցույթը հայտարարման փուլում է, և առաջիկա օրերին կհայտարարվի: Մասնակից լինելու պարագայում այս տարի փլուզված աշտարակը և պարսպի տվյալ հատվածն ամբողջությամբ կվերականգնվեն»,-նշել է Վանյանը:

Նրա խոսքով՝ աշտարակի բոլոր քարերը տեղում են, և այն հնարավոր է վերականգնել առանց կորուստների:

«Ոչ միայն աշտարակի, այլև ճակատային պարսպի հատվածն ամբողջությամբ մինչև մյուս աշտարակը նախագծի մեջ ներառված են»,-շեշտել է Հարություն Վանյանը:

Անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների տարածքում կազմակերպվող ապօրինի թաղումներին և այլ խախտումներին՝ նա ասել է, որ խախտումներ պարբերաբար լինում են: Իրենք համապաստախան ու համարժեք աշխատանք են տանում այդ ուղղությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---