Քաղաքապետի ԺՊ․ Մետրոն մեծ կապիտալ ծախսերի կարիք ունի, ուղևորահոսքի մեծ աճ կա

Քաղաքապետի ԺՊ․ Մետրոն մեծ կապիտալ ծախսերի կարիք ունի, ուղևորահոսքի մեծ աճ կա

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, անդրադառնալով բնակչության դժգոհությանը մետրոպոլիտենը ծանրաբեռնվածությունից, ասել է, որ մետրոն, քանի որ կառուցվել է 1980-ականներին, ունի բավական մեծ կապիտալ ծախսերի կարիք։

«Ունենք ծրագիր շարժակազմը թարմացնելու և ավելացնելու մասով։ Նախորդ տարի օդափոխության համակարգ ենք ներդրել, գործող օդափոխության համակարգը, որը կար, կառուցվել էր 1980-ական թվականներին, ամբողջովին ժանգոտված էր և չէր գործում։ Վերջին ամիսների ընթացքում ուղևորները պետք է որ մեծ տարբերությունը զգան»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Նա նշել է՝ քանի որ չէր աշխատում օդափոխության համակարգը, Երևանի մետրոպոլիտենում օդի խոնավության աստիճանը 100 տոկոս էր, որը որոշակի առումով վտանգավոր էր սարքավորումների մասով, կարող էր անվտանգության խնդիրներ առաջացնել։

«Վերջին տվյալներով՝ խոնավությունը մոտ 70 տոկոս է, նորմերի մեջ է։ Կուզեմ նաև նշել վերջերս դրենաժային թունելի կառուցման մասով աշխատանքները։ Կարծում եմ՝ կհիշեք, ոչ վաղ անցյալում էր, Հանրապետության հրապարակ կայարանում կամ Զորավար Անդրանիկ կայարանում ջրհեղեղ էր մետրոպոլիտենի գծերի տակ։ Դա լուրջ անվտանգային հարց էր, այս հարցը նույնպես մենք կարողացանք լուծել»,- ասել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ նոր տրանսպորտային համակարգի մեջ Երևանի մետրոպոլիտենն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, ռազմավարական օբյեկտ է։

«Եվ ուղևորահոսքի բարձրացման մասով նույնպես աշխատանքներ տարվելու են։ Ի ուրախություն բոլորիս՝ ուղևորահոսքի մեծ աճ կա։ Աջափնյակ կայարանի կառուցման հետ կապված մենք այս տարի կավարտենք նախագծային աշխատանքները։ Դրանք ավարտելուց հետո վերջնական կհասկանանք, թե որքան գումար է մեզ պետք։ Երբ կառուցվի այդ կայարանը, ուղևորահոսքի առումով կունենանք մեծ դրական դինամիկա»,- հավելել է նա։

Քաղաքային իշխանությունները դեռևս 2019-ին էին հայտարարել, որ Երևանի քաղաքապետրանը մշակում է Երևանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---