ԿինոՊարկի չերևացող հատվածը

ԿինոՊարկի չերևացող հատվածը

PanARMENIAN.Net - ԿինոՊարկում հնարավոր է դիտել ցանկացած ֆիլմ, որը հայտնվում է համաշխարհային էկրաններին:

«Էկրանից այն կողմ ուրիշ աշխարհ է, որը մեր հաճախորդների մեծ մասը չի պատկերացնում», - ասում է ԿինոՊարկի տնօրեն Արեգ Դանիելյանը։

Մթության մեջ առկայծող լամպերը ցույց են տալիս գերհզոր համակարգի աշխատանքը, որն ապահովում է նոր սերնդի կինոթատրոնի անխափան գործունեությունը: Կինոթատրոնի տեխնիկները հերթապահությամբ հետևում են պրոյեկտորների ու սարքավորումների աշխատանքին:

«Տեխնիկան բավականին բարդ է. պրոյեկտորներին միջամտություն չունենք: Հատուկ ծրագրի միջոցով սերվերից ֆիլմերի բաժանումներ են արվում՝ ըստ դահլիճների ու ցանկի: Ցանկացած ֆիլմ ունի իր օնլայն բանալին, որն ակտիվանում է ցուցադրման պահին: Յուրաքանչյուր սեանսի համար ֆիլմն ունի առանձին բանալի»,- բացատրում է ԿինոՊարկի տնօրենը:

Աշխատասենյակ տանող ճանապարհին տնօրենը բացում է սենյակներից մեկն ու, ցույց տալով համակարգչի առաջ նստած աշխատակցուհուն, ասում. «Մարինային հարցրեք, ու նա կասի՝ ինչ ֆիլմեր են համաշխարհային վարձույթի տրվելու առաջիկա ամիսներին»:

Մարինա Ղամբարյանը ԿինոՊարկի Կինովարձույթի մենեջերն է և աշխատում է կինոթատրոնում 2016-ից։

ԿինոՊարկը համագործակցում է ֆիլմարտադրության համաշխարհային հսկաների հետ ու հնարավորություն ունի կազմակերպելու աղմկահարույց ցանկացած ֆիլմի երևանյան պրեմիերա: Ընկերությունը ֆիլմարտադրողների հետ պայմանագրեր կնքել է հիմնադրումից սկսած՝ 2015-ից: Պայմանագրերը թարմացվում են պարբերաբար, թեև ընթացքում էլ է բանակցությունների անհրաժեշտություն առաջանում։ Օրինակ, ըստ Արեգ Դանիելյանի, լինում է անհրաժեշտություն բանակցելու «Ուոլթ Դիսնեյ» ընկերության հետ, բացատրել, որ հնարավոր չէ օրվա ընթացքում նույն ֆիլմը ցուցադրել 15 անգամ, ինչպես «Դիսնեյի» պահանջն է: Չէ՞ որ այլ ընկերությունների ֆիլմեր էլ պետք է ցուցադրվեն ԿինոՊարկի վեց դահլիճների էկրաններին:

ԿինոՊարկը «Երևան Մոլ» բազմաֆունկցիոնալ կենտրոնում բացվել է 8 տարի առաջ: Չնայած բավականին ժամանակ է անցել ու տեխնիկան անընդհատ զարգանում է, այն Հայաստանում շարունակում է մնալ առաջատար:

«Միակն ենք Հայաստանում, որ նման որակ ենք ապահովում»,-ասում է Արեգ Դանիելյանը:

ԿինոՊարկը հագեցած է գերմանական BARCO ֆիրմային ժամանակակից կինոտեխնիկայով՝ Հայաստանում եզակի 4K որակի էկրաններով և Dolby Atmos ձայնային համակարգով:

Տնօրենը չի դժգոհում հանդիսատեսի պակասից, որքան էլ որ մեծանում են ֆիլմերն օնլայն դիտելու հնարավորությունները:

«Տանը երբեք չես ստանա այն հրաշքը, որը ստանում ես կինոթատրոնում: Մարդիկ գալիս են նաև բարձրակարգ սպասարկում ստանալու համար: Այստեղ հարմարավետ աթոռներին ֆիլմ են վայելում մեծ դահլիճներում, որտեղ կլոր տարին ապահովվում է ստանդարտներին համապատասխան ջեռուցում և սառեցում՝ սեզոնին համապատասխան: Գալիս են ընկերների հետ, գնում համեղ պոպկորն ու դիտում այնպիսի ձայնային համակարգով, որ տանն անհնար է»,- ասում է Արեգ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ երբ Covid19-ի ժամանակ փակվեցին կինոթատրոնները, մտավախություն կար, որ հանդիսատեսն այլևս չի վերադառնա: Սակայն, բարեբախտաբար, լավ ֆիլմերով կարողացան «ետ բերել հանդիսատեսին»՝ դեռևս ոչ ամբողջովին, բայց աշխատում են այդ ուղղությամբ: Ընդհանրապես համաճարակի ազդեցությունը դեռ մնում է ֆիլմարտադրության ոլորտում՝ խախտելով սպասվող պրեմիերաների ժամկետները: Որքան էլ տարօրինակ թվա, նույնիսկ ամենաչնչին փոփոխությունն ունենում է իր ազդեցությունը ֆիլմարտադրության ու կինոթատրոնների գործունեության վրա:

«Եթե ԱՄՆ-ում սցենարիստները բողոքում են, դա կարող է ազդել Հայաստանի վրա, ու ֆիլմը նախատեսված ժամկետին չհասնի մեզ ու փոխի ֆիլմացանկը»,-ասում է նա:

Կինոթատրոնները հաղթում են կինովարձույթին նաև սրճարան-բարի տեսականիով. «Ինչպես աշխարհի լավագույն կինոթատրոնները, այնպես էլ մենք փորձում ենք գրավիչ դառնալ մեր բարի տեսականիով, կինոդիտմանն անբաժան պոպկորնի բազմազանությամբ»,- ասել է տնօրենը:

ԿինոՊարկում միայն հոլիվուդյան բլոքբասթերները չեն, որ դահլիճ են «լցնում»: Հայկական կատակերգությունների ցուցադրման բոլոր ժամերին դահլիճը լեփլեցուն է:

Շուշան Ավագիմյան․ Սա հաստատ ֆիլմի վերջը չէ

ԿինոՊարկը միակ կինոթատրոնն է, որ տարիներ առաջ որդեգրեց թվային տեխնոլոգիաների միջոցով հաճախորդին ավելի մոտ լինելու քաղաքականությունը՝ ստեղծելով կայք ու բջջային հավելված։

«Հյուրերը կարող են գնել թե տոմսեր, թե սնունդ անմիջապես հավելվածից և, խնայելով այդքան թանկ ժամանակը, միանգամից մտնել սրահ կինոդիտման»,-ասել է «Երևան Մոլի» բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը։

Հավելվածի միջոցով կարելի է օգտվել տարբեր պրոմո ակցիաներից, զեղչերից և նմանը չունեցող այլ ճկուն հնարավորություններից:

ԿինոՊարկը չի դադարում զարմացնել տարատեսակ նոր նախագծերով։ Այս տարվա փետրվարին կինոթատրոնն իրականացրել է #ՄերԿինոն արշավը՝ մեծ էկրաններին ցուցադրելով հայկական կինոյի լավագույն ժապավենները՝ «Տղամարդիկ», «Կտոր մը երկինք», «Մենք ենք մեր սարերը», «Մեր մանկության տանգոն» և «Խոշոր շահումը»։ Ըստ Շուշան Ավագիմյանի՝ ընտրվել են այն ֆիլմերը, որոնք հայ մարդուն ու նրա կյանքը տարբեր դրսևորումներով ներկայացնող լինեն։

«Ընտրված բոլոր ֆիլմերում կա հումոր, կենցաղ, ընտանիք, սեր, աշխատանքային առօրյա և դրանցից բխող խնդիրներ, որոնց լուծման մոտեցումը կհասկանա միայն հայը»,-ասել է նա:

Նա նշել է, որ արշավը մեկնարկելիս բացառապես մեկ ակնկալիք է եղել՝ վերարժևորել հայկական ֆիլմադարանի ժառանգությունը, և այն ավելի հասանելի դարձնել նոր սերունդներին՝ ևս մեկ անգամ հնարավորություն տալով վայելել այդ ժապավենները մեծ էկրանից։

«Արշավը որևէ կոմերցիոն նպատակ չուներ, ուստի նաև անհնար է կիրառել որևէ ֆինանսական գործիք դրա արդյունավետությունը չափելու համար: Արշավի ստացված լինելը մենք չափել ենք մեր հյուրերի հիացական հետադարձ կապով, շնորհակալական խոսքերով, տարբեր հարթակներում այդ մասին նշումներով, մեկնաբանություններով և, իհարկե, այցելությունների քանակով»,-ասել է Շուշան Ավագիմյանը:

Ուշադրության արժանի հայկական ֆիլմերն ավելի շատ են և գուցե հետագայում ժամանակակից բլոքբաստերների կողքին ԿինոՊարկի մեծ էկրանին հայտնվե՞ն հայկական այլ գլուխգործոցներ:

Հարցին ի պատասխան՝ կինոթատրոնի ղեկավարությունը առայժմ չի բացում բոլոր փակագծերը։

«ԿինոՊարկը բազմաֆունկցիոնալ կինոթատրոն է, ինչը նշանակում է, որ այն համատեղում է ինչպես արդիականությունը, այնպես էլ ավանդույթները, վինտաժն ու նորարարությունը, մշակույթը և թվային դարաշրջանը: Համենայն դեպս, սա հաստատ ֆիլմի վերջը չէ»,- եզրափակել է Շուշան Ավագիմյանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---