Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել իր չեմպիոնական մարզաշապիկը և գումարը փոխանցել Արցախի հայերին

Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել իր չեմպիոնական մարզաշապիկը և գումարը փոխանցել Արցախի հայերին

PanARMENIAN.Net - Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է ներկայացրել իր չեմպիոնական մարզաշապիկը և գումարը փոխանցել Արցախի հայերին։ Այդ մասին հայտնել է Nouvelles d'Arménie պարբերականը։

Այդ մարզաշապիկով Ժիրուն ազգային թիմի կազմում 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում հաղթել է Անգլիայի թիմին՝ այդ խաղում նա գոլի հեղինակ էր դարձել, գրում է Sputnik Արմենիան։

Աճուրդը կայացել է հունիսի 15-ին «Առաքելության գիշեր» միջոցառման շրջանակներում։ Շապիկի վաճառքից ստացված միջոցները փոխանցվել է 2 քրիստոնեական կազմակերպության, որոնցից մեկը կոչվում է «Հույս Հայաստանի համար»։

Հիմնադրամը գործում է «Բաց դռներ» բարեգործական կազմակերպության գործընկերությամբ, որն աջակցություն է ցուցաբերում այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք ավելի քան 6 ամիս ապրում են լիակատար շրջափակման պայմաններում։

«Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» հիմնադրամների միջոցառմանը ներկա Անն–Ֆլորանս Ռոշ և հոգևոր հովիվ Ռենե Լեոնյանը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և այն դոնորներին, որոնք աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերին։

«Առանձին շնորհակալություն Օլիվյե Ժիրուին իր հավատի և մարդասիրության համար»,– ասել են նրանք։

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---