Հուլիսի 24–ին Երևանում և մարզերում փողոցներ կփակվեն` ի պաշտպանություն Արցախի

Հուլիսի 24–ին Երևանում և մարզերում փողոցներ կփակվեն` ի պաշտպանություն Արցախի

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ի երեկոյան Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել հաջակցություն Արցախի, որի մասնակիցներն այնուհետև երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Նրանք վանկարկում էին «Պատժե՛լ ցեղասպաններին»։ Պաստառների վրա գրված էր «Մենք Արցախն ենք», «Բացեք կյանքի ճանապարհը»։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ հուլիսի 24–ի վաղ առավոտից ժամը 8։30–ից, Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կփակվեն որոշ ճանապարհներ բարձրաձայնելու համար Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ակցիայի մասնակցիները հրապարակել են իրենց պահանջները՝ հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից և վերջ տալ նմանօրինակ հայտարարություններին, Արցախին առնչվող բանակցություններում արտահայտել բացառապես Արցախի ժողովրդի կամքը։

Նրանք պահանջել են նաև ակտիվ ու հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու միջոցով։

Ակցիայի մասնակիցները ՌԴ-ից պահանջել են հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններից, դադարել միայն կոչերով հանդես գալուց և գործուն միջոցներ ձեռնարկել ստեղծված հումանիտար աղետից Արցախը հանելու ուղղությամբ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից էր նաև նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---