Հայաստանը լավ շանսեր է ձեռք բերում տարածաշրջանում առանցքային պետություն դառնալու համար

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ճանապարհային քարտեզը ոչ միանշանակ արձագանք է ստացել հասարակական, քաղաքական եւ վերլուծական շրջանակներում: Այնուամենայնիվ, առավել հստակ եւ ճգրիտ պատկեր ստանալու համար հարկավոր է նվազեցնել զգայական բաղկացուցիչը: Այդ մասին PanARMENIAN.Net հղված «Հայ-թուրքական աշխարհաքաղաքականություն` իրողություններն ու հեռանկարները» հոդվածում գրում է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը:



Նրա կարծիքով, արտաքին քաղաքականությունը պահանջում է սառնարյուն եւ հաշվարկված մոտեցում այս կամ այն, հատկապես այսպիսի կարեւոր խնդիրների հանդեպ: «Դա բոլորովին չի նշանակում, որ պետք է հրաժարվել քաղաքականության զգայական բաղկացուցչից, չէ՞ որ հաճախ ազգի դիմադրողականությունը հինվում է հենց զգայական բաղկացուցչի վրա, եւ երբ դիմադրողականությունը կորսվում է, ապա ժողովուրդն ու պետականությունը կարող են շատ բարդ իրադրության մեջ հայտնվել»,- նշվում է հոդվածում:



Բաբայանը գտնում է, որ եթե թուրքիզմը դառնա Թուրքիայի արտաքին քաղաքական ինքնաբավության հիմքը, ապա դա անմիջականորեն կանդրադառնա այդ երկրի բազմամիլիոնանոց քրդական բնակչության վրա, որի արեալը կից է Անդրկովկասին: «Թուրքիզմը լուրջ անհանգստություն կառաջացնի քրդերի մոտ եւ ուժեղագույն ազդեցությունը կունենա նրանց գործողությունների եւ քաղաքականության վրա: Հասկանալի է, որ ներքին միասնության պահպանման համար Թուրքիան պետք է ինչ-որ կերպ հատուցի դժգոհությունն ու անվստահությունը եւ ներքին շուկային, հատկապես ազգային փոքրամասնությունների սեգմենտին առաջարկի մի ընդհանուր, վերազգային գաղափարախոսություն, որն ընդունակ կլինի ապահովել թուրքական հասարակության կայունությունն ու ներքին ինքնաբավությունը: Այդպիսի գաղափարախոսությունը կարող է դառնալ միայն իսլամը: Իսրայելի վրա հարձակումներով Անկարան, փաստորեն, պաշտոնապես հաստատել է իսլամը որպես վերազգային գաղափարախոսություն: Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության, հատկապես թուրքիզմի եւ իսլամի համադրության ակտիվացման պայմաններում աճում է Հայաստանի դերը Վրաստանի, Իրանի, Իսրայելի, արաբական աշխարհի համար: Հայաստանը լավ շանսեր է ձեռք բերում տարածաշրջանում առանցքային պետություն դառնալու համար»,- ընդգծվում է հոդվածում:



Դիտարկելով հայ-թուրքական աշխարհաքաղաքականությունը, գրում է ղարաբաղցի քաղաքագետը, առաջ է գալիս անհրաժեշտություն` պատասխանելու երկրորդ առանցքային հարցին` ի՞նչ գին պետք է վճարել դրա համար: «Եթե հայ-թուրքական կապերի կարգավորման համար Անկարան որպես նախապայման առաջադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ադրբեջանական սցենարը, այսինքն` Արցախի փաստացի եւ աստիճանական պատակտումը եւ նրա աստիճանական «կլանումը», ապա տարածաշրջանի առանցքային խաղացողի վերածվելու բոլոր հույսերը ինքնաբերաբար կցրվեն: Արցախն ու ամբողջականությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ ողջ հայ ժողովրդի անվտանգության առանցքային բաղկացուցիչներն են: Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հղի է հոգեբանական շոկով, որն ազգը չի կարողանա հաղթահարել եւ զոհի ու անզորության պարբերական բարդույթի հետեւանքով ժամանակի ընթացքում ընդհանրապես կվերանա: Այս սցենարը, իհարկե, անընդունելի է, առավել եւս, որ Անկարան դժվար թե համառորեն շեշտը դնի հայ-թուրքական փոխհարաբերությունների բարելավման եւ Լեռնային Ղարաբաղին հակամարտության կարգավորման կապակցման վրա: Հիմա նրան հարկավոր է մտնել Անդրկովկաս եւ ինչ-որ կերպ ամրապնդվել նրա մյուս հատվածներում, այլ ոչ թե միայն Ադրբեջանում: Միայն դրանից հետո Թուրքիան կարող է որեւէ այլ գործողություններ ձեռնարկել: Բայց եթե մենք կշռադատված ու կանխամտածված քաղաքականություն վարենք, ապա, հաշվի առնելով վերը ասվածը, մենք իսկապես ի վիճակի կլինենք հասնել ցանկալի արդյունքների»,- նկատել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---