DigiTec-ին մտադիր են արտերկրից 500 ներդրողի հրավիրել

DigiTec-ին մտադիր են արտերկրից 500 ներդրողի հրավիրել

PanARMENIAN.Net - Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հերթական ցուցահանդեսին ցանկանում են արտասահմանյան 500 բիզնես այցելուի հրավիրել։ Այդ մասին ասել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկության միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը` մեկնաբանելով DigiTec ցուցահանդեսին առնչվող ծրագրերը, հայտնում է Sputnik Արմենիան։

Միջոցառումն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 13-15-ը։

«Մենք թիրախավորված աշխատում ենք գործող և նոր նախագծերի համար հնարավոր ներդրողների, ինչպես նաև դրանց մշակումների պոտենցիալ գնորդների հետ։ Մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք առավելագույն պատկերացում ունենան այն մասին, թե ինչ կարող են ակնկալել մեր շուկայից», – ասել է Կարապետյանը։

Բիզնես հյուրերին գրավելու համար միությունը ներգրավել է այսպես կոչված DigiTec դեսպաններին։ Նրանք հայտնի գործիչներ են (հիմնականում հայ) Ֆրանսիայից, ԱՄՆ–ից, Քուվեյթից, Արաբական Էմիրություններից և այլն։ Կարապետյանը հավելել է, որ շուտով անունները կհրապարակվեն. նրանք հայտնի և ակտիվ գործիչներ են, ընդ որում` ոչ միայն տեխնոլոգիաների ոլորտից։

«Բիզնես հյուրերին մենք փնտրում և հրավիրում ենք` հաշվի առնելով նաև մեր ընկերությունների կարիքները։ Նրանք, ովքեր ուզում են մասնակցել ցուցահանդեսին, խորհուրդ ենք տալիս դիմել մեզ, պատմել, թե որ շուկայում են իրենք գործում և ինչպիսի գործընկերներ են փնտրում, և մենք կփորձենք հրավիրել նրանց», – հավելել է UATE–ի գործադիր տնօրենը։

«DigiTec»–ում ուզում են ներկայացնել ՏՏ–ի կամ ինժեներիայի ոլորտի ընկերություններին, ինչպես նաև դրանց լուծումներից օգտվող ընկերություններին (բժշկական, արդյունաբերական և այլ ոլորտի ձեռնարկություններ)։

«Կառավարությունը խթանում է բիզնես գործընթացների թվայնացումը, ընկերություններն էլ սկսում են ակտիվ օգտվել նման լուծումներից։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանի շուկայում նման լուծումների ինչպես միջազգային, այնպես էլ տեղական մատակարարներ կան», – հավելել է Կարապետյանը։

Բացի այդ, ցուցահանդեսին ուզում են հրավիրել ոլորտի ամենահեղինակավոր համաշխարհային պարբերականներին (Forbes, TechCrunch, The Verge և այլն)։

Ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել նոր վայրում։ Նախորդ տարիներին այն անցկացվել է Մարզահամերգային համալիրում, այս տարի դիտարկվում է «Մերիդիան» էքսպո–կենտրոնը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, իսկ այցելելու համար անհրաժեշտ կլինի առցանց գրանցվել (այցելությունն անվճար է)` նշելով էլեկտրոնային հասցեն և կազմակերպության անվանումը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---