Հեռավար աշխատանքի մեխանիզմների կարգավորման նախագիծը ներկայացվել է ԱԺ օրակարգում ընդգրկվելու համար

Հեռավար աշխատանքի մեխանիզմների կարգավորման նախագիծը ներկայացվել է ԱԺ օրակարգում ընդգրկվելու համար

PanARMENIAN.Net - ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը քննարկվելուց հետո ներկայացվել է խորհրդարանի 6–րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար։ Ըստ նախագծի՝ հեռավար աշխատանքի վերաբերյալ ավելի ճկուն կարգավորումներ կլինեն՝ ապահովելով աշխատանքի ավելի արդյունավետ կատարումը։

Ավելի վաղ նախագիծը հավանության էր արժանացել կառավարության կողմից։

«Աշխարհում տարբեր երկրների օրինակով՝ հեռավար աշխատանքը իր դրական ազդեցությունն է թողնում արտադրողականության, արդյունավետության վրա։ Եվ այդ միտումները շարունակվում են»,– ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով հեռավար աշխատանքի մեխանիզմների մասին նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ գործատու–աշխատող հարաբերությունները գնալով զարգանում են ամբողջ աշխարհում և անհրաժեշտություն է ծագել ամբողջական կարգավորել հեռավար աշխատանքի մեխանիզմները։

Սարգսյանը որպես սահմանում նշել է՝ հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունների կատարումն է առանց աշխատանքի վայր ներկայանալու, եթե աշխատանքային բնույթը թույլ է տալիս այն կատարելու, և կա գործատու–աշխատողի միջև համաձայնություն։

«Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռք բերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ հարցերը որոշվում են գործատուի ու աշխատողի գրավոր համաձայնությամբ: Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողը պետք է ապահովի աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև գործատուի համար իր հասանելիությունը` փոխադարձ համաձայնեցված եղանակով»,–նշել է փոխնախարարը։

Նաև առանձին կարգավորում կա օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ` աշխատանքային պարտականությունների իրականացման հեռավար եղանակով, երբ օտարերկրացիները Հայաստանում չեն լինի ու նրանց համար անհրաժեշտություն չի լինելու կացության քարտ ստանալը։

«Հույս ունենք այս ամենը կբերի արդյունավետության բարձրացմանը և ըստ էության նոր աշխատուժ ներգրավելուն այլ երկրներից, որը կնպաստի տարբեր ոլորտներում վարձատրողականության աճին և նաև տնտեսության աճին»,–հավելել է նա։

Հայաստանում հեռավար աշխատանքի կանոններն աշխատանքային օրենսգրքում ներդրվել են 2020 թվականի մայիսին, բայց միայն արտահաստիքային և արտակարգ իրավիճակների համար։ Այժմ առաջարկվում է դրանք հաստատել նաև սովորական աշխատանքային պայմանագրերի համար։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---