29 ապրիլի 2009 - 18:04 AMT
Վաշինգտոնին պետք էր, որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան մինչեւ ապրիլի 24-ը համաձայնության գային
ԱՄՆ վարչությունը վաղուց էր ձգտում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրմանը: Շատ հնարավոր է, որ Երեւանի ու Անկարայի միջեւ վերջին համաձայնագիրը ձեռք է բերվել հենց Վաշինգտոնի ճնշման տակ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օհանը: «ԱՄՆ նախագահին պետք էր, որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան համաձայնության գային մինչեւ ապրիլի 24-ը: Բարակ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: Պետք էր քայլեր ձեռնարկել դա թույլ չտալու համար»,- նշել է թուրք փորձագետը:

Ինչպես նշել է Սինան Օհանը, Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի համատեղ հայտարարությունը չի նշանակում, որ ԱՄՆ չի միջամտել այդ բանակցություններին:«Այսօր եւ' Ռուսաստանը, եւ' ԱՄՆ-ն շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացմամբ եւ հարաբերությունների կարգավորմամբ: Մոսկվայի եւ Վաշինգտոնի մոտեցումներն այս հարցում համընկնում են: Հենց այդ գործոններով են պայմանավորված հայ-թուրքական հարաբերություններում վերջին տեղաշարժերը»,- հայտարարել է TURKSAM-ի ղեկավարը:

Թուրքական Hurriyet թերթը, ինչպես նաեւ մի շարք այլ թուրքական ԶԼՄ-ներ պնդում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ԱՄՆ ճնշման տակ: