Մասիսում հուղարկավորել են Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին

Մասիսում հուղարկավորել են Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին

PanARMENIAN.Net - Մասիսի քաղաքային գերեզմանատանը հուղարկավորել են Արցախի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանցիների հարձակման ժամանակ սպանված երկու եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին:

Լրագրողների հետ զրույցում Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի դպրոցի ուսուցչուհի ժաննա Գաբրիելյանն ասել է, որ գյուղացիները երեխաների հետ հավաքվել էին մի վայրում, որ պետք է պատսպարվեին։

«Բայց թշնամին ոչ մի բանի չի նայում, թե անօդաչու էր, ինչ էր, գցեցին երեխաների մեջ ու այդ պահին զոհվեցին: Շատ երեխաների ծնողները Ստեփանակերտ էին գնացել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Գաբրիելյանը պատմել է, որ եղբայրներն այնքան ուրախ էին այդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, ասել են` ճանապարհները բացվել են, մայրիկը շոկոլադ է բերելու։

«Միքայելը 5-րդ դասարան էր, Նվերը 3-րդ դասարանում էր սովորում: Փոքր դպրոցը պահում էի, ատամներովս պահում էի, 6 աշակերոտվ դպրոց էի պահում: Ասում էի՝ մինչև վերջին աշակերտը ես դպրոցը պետք է պահեմ, ասում էի՝ զանգը ուժեղ խփեք, երեխեք, թուրքը լսի, ինչքան ուժեղ, այնքան ավելի լավ, որ այնտեղ՝ պոստում խլանա: Այդ օրը 6 աշակերտիս ուղարկեցի տուն, կարծելով, որ ամեն ինչ լավ պետք է լիներ։ Այդ օրը ժամը 11:00-ից կրակոցներ են եղել, սակայն այնքան էինք տարված եղել դասապրոցեսով, որ չեն լսել: Տուն գնալուց հետո կրակոցներն ուժեղացել են։ Իրենց թաղամասը ներքում է, մերը վերևում, դրա համար հրաշքով փրկվեցինք»,–պատմել է ուսուսչուհին։

Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից երեքը՝ երեխաներ։ 15-ը վիրավորվել են, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---