Բրյուսելն օգտվում է Կովկասում Թուրքիայի ազդեցությունից, բայց չի շտապում նրան ԵՄ ընդունել

PanARMENIAN.Net - ԵՄ համար ռազմավարական եւ տնտեսական առումով առավել կարեւոր է մերձեցումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որոնք անցյալ շաբաթ հայտարարեցին գրեթե մեկ դար տեւած թշնամությունից հետո հարաբերությունների կարգավորման վերաբերյալ «աշխատանքային քարտեզի» մշակման մասին: Ծրագիրն իր մեջ ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով 1993թ. Թուրքիայի կողմից փակված սահմանի բացում: Այդ մասին գրում է բրիտանական The Guardian թերթը «Սառեցված հակամարտությունները սկսում են հալչել» հոդվածում: «Չնայած, որ Թուրքիային ԵՄ ընդունելու մասին հարցը փաստացիորեն հետաձգվում է մինչեւ ավելի լավ ժամանակներ, Բրյուսելն իր նպատակների համար հաջողությամբ օգտվում է Կովկասում, սեւծովյան ու կասպյան տարածաշրջաններում Թուրքիայի ազդեցությունից: Խոսքը գնում է ազատ առեւտրի, զարգացման, անվտանգության եւ մարդու իրավունքների, ինչպես նաեւ, թերեւս, ամենագլխավորի` Կենտրոնական Ասիայից Ռուսաստանի կողմից չհսկվող էներգակիրների մատակարարման ճանապարհների ստեղծման մասին»,- նշում է հոդվածի հեղինակ Սայմոն Տիսդոլլը:



Նրա կարծիքով, այդ իսկ պատճառով Բրյուսելն ու ԱՄՆ-ն ջերմորեն ողջունում են Անկարայի ու Երեւանի վերցրած հաշտեցման ճանապարհը: «Հեռանկարում նա կարող է Արեւմուտքի հետ մտերմացնել հարաբերականորեն մեկուսացված Հայաստանը, որը երկար ժամանակ ապրել է Մոսկվայի ստվերում: Իսկ դա իր հերթին շատ լավ ներգծվում է մյուս նախկին խորհրդային հանրապետությունների, ինչպես օրինակ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ կապերը կարգավորելու` Արեւմուտքի քաղաքականության մեջ: Զուգահեռաբար ընթանում է հարաբերությունների ջերմացումը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որոնք սկսել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրության հալեցման շուրջ բանակցությունները: Նավթ արդյունահանող մերձկասպյան Ադրբեջանը առանցքային դեր է խաղում էներգակիրների մատակարարման եւ փոխադրման ապագա եվրոպական ճանապարհների որոշման գործում: Ոչ մեկին պետք չէ փչացնել նրա հետ ունեցած հարաբերությունները: Եւ կրկին ԵՄ-ն Թուրքիայի հետ մեկտեղ ակտիվորեն առաջ է մղում կազմավորվող խաղաղ գործընթացը: Իսկ Պրահայում ԵՄ գագաթաժողովին տեղի կունենա երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը»,- ընդգծվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---