ՀՀ–ն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954-ի կոնվենցիայի կոմիտեի անդամ

ՀՀ–ն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954-ի կոնվենցիայի կոմիտեի անդամ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը: Դրա ընթացքում Հայաստանը կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարով:

ՀՀ պատվիրակության ղեկավար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին:

Քոչարյանը նշել է, որ բազմաթիվ վկայություններ կան հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և հայկական հետքերի վերացման մասին ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Նախիջևանի շրջանում և Ադրբեջանի այլ հատվածներում։

Նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկած և երկրորդ արձանագրության կոմիտեի կողմից աջակցվող առաքելությունը վերջին 3 տարում մերժվում է Ադրբեջանի կողմից:

Ալֆրեդ Քոչարյանը հավելել է, որ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակության վայրերի և առարկաների շարունակական ոչնչացման ու յուրացման օրինակների մասին, որոնք մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտում են:

Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, Պաշտպանության, ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի ՀՀ ներկայացուցչության աշխատակիցներ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---