Փաշինյան․ Տարեկան 7-9% տնտեսական աճը պիտի մնա թիրախում

Փաշինյան․ Տարեկան 7-9% տնտեսական աճը պիտի մնա թիրախում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը։ Այդ մասին նա ասել է Էկոնոմիկայի նախարարությունում՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ:

«Բացի կորոնավիրուսի և պատերազմի տարվանից՝ մենք գլոբալ առումով տնտեսական աճի խնդիր չենք ունեցել: 2019 թվականին ունեցել ենք շատ մեծ տնտեսական աճ, 2021-ին, երբ ներքաղաքական ճգնաժամ էր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, արտաքին անվտանգային խնդիրներ կային՝ կրկին 5 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել: 2022-ին ապահովել ենք 12 տոկոս տնտեսական աճ, 2023-ին կապահովենք 7 տոկոսից ավելի տնտեսական աճ: Այս տոկոսներն այդ ամեն ինչի պայմաններում: Ամենակարևոր նախադրյալներից մեկն այն է, որ ի հեճուկս այս ամենի՝ ապահովվել է մակրոտնտեսական կայունություն: 2024-ի 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար մեր ձեռքի տակ առկա գործիքներն, իմ կարծիքով, արդեն բավարար են, եթե կապիտալ ծախսերի իրականացման որակը բարձրացնենք, զբաղվենք բիզնես պրոցեսների լավարկումով և այլն: Առաջարկում եմ կենտրոնանալ մեր ձեռքի տակ եղած գործիքների կիրառման վրա»,–ասել է վարչապետը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023–ին կազմել է 64․3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելի կլինի 47 տոկոսով, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ծրագրերի իրականացմամբ: Հատկացումները կհասնեն 90․8 մլրդ դրամի:

Վահան Քերոբյանը նշել է, որ 2023-ի համար ակնկալվում է 8․3-8․5 տոկոս տնտեսական աճ: Զեկուցվել է, որ նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալն աճել է 17․5 տոկոսով, ակնկալվում է, որ արտադրողականության ծավալը կհասնի 9․6 տոկոսի։

Նա նշել է նաև, որ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքով Հայաստանը բարելավում է դիրքերը: Եթե 2017–ին մեր երկիրն աշխարհի պետությունների թվում գտնվել է 122-րդ տեղում, 2020-ին՝ 112-րդ, ապա 2023-ին, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, Հայաստանը կլինի 86-րդ հորիզոնականում:

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Հայաստանում ստեղծվել է մոտ 44,000 նոր աշխատատեղ, բարձրացել է միջին աշխատավարձը, աղքատության մակարդակը 26․5 տոկոսից նվազել է 24․8 տոկոսի: Նախարարը հավելել է, որ գործազրկության մակարդակը երկրորդ կիսամյակի տվյալներով կազմել է 11․7 տոկոս և հիշեցրել, որ կառավարության թիրախը գործազրկության մակարդակը 10 տոկոսից նվազեցնելն է: Ակնկալվում է, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 110 տոկոս, ինչը, նախարարի խոսքով, ռեկորդային ցուցանիշ է: Ակնկալվում է 2023 թվականն ավարտել արտահանում-ՀՆԱ հարաբերակցության 54․5 տոկոս ցուցանիշով. կառավարության թիրախը կազմում է 60 տոկոս:

Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2023 թվականին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8280 դոլար։ Տարածաշրջանում Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8160 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7530 դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---