ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի ԼՂ գործադիրի և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը

ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի ԼՂ գործադիրի և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը։ Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են մոտ 315 մլրդ դրամ։

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նախագծով նախատեսվում է նշված մոտ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70% եւ 30% համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70% չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը:

Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը։

Ակնկալվում է նաև վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---