ԱԳ փոխնախարարը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին․ Մշակութային ժառանգությունը ԼՂ–ում ոչնչացվում է, պղծվում և յուրացվում

ԱԳ փոխնախարարը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին․ Մշակութային ժառանգությունը ԼՂ–ում ոչնչացվում է, պղծվում և յուրացվում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն Իրանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման ժամանակ ելույթում հայտարարել է, որ հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման։

«․․․Աշխարհի տարբեր անկյուններում առկա զինված հակամարտությունները կործանարար ազդեցություն են ունենում մշակութային և կրոնական հուշարձանների վրա։ Տվյալների հավաքագրման բարելավումը, մոնիտորինգի և գնահատման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, համագործակցության և տեղեկատվության փոխանակման խթանումը, ինչպես նաև թվային և արբանյակային տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների օգտագործումը, ստեղծում է մշակութային ժառանգության պաշտպանության և մշակութային վանդալիզմի կանխարգելման կարևոր գործիքակազմ։

2018 թվականի հուլիսի 13-ին ընդունված Տիուանակուի հռչակագրում ֆորումի անդամները դատապարտել են այն փաստը, որ զինված հակամարտությունները լուրջ սպառնալիք են դարձել համաշխարհային ժառանգության հուշարձանների ամբողջականության համար։ Ինչպես նշված է 2022 թվականի դեկտեմբերի 4-ի Բաղդադի հռչակագրում, անդամ պետությունները կիսում են խորը մտահոգություն՝ կապված մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի ոչնչացման, կողոպուտի և յուրացման հետ:

Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ խթանելու համագործակցությունը առաջատար միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին, օրինակ, ՅՈւՆԵՍԿՕ-ն է: Առկա է չօգտագործված ներուժ մեր հնագույն քաղաքակրթությունների՝ որպես մարդկության մշակութային ժառանգության միասնական հարստության հանրահռչակման ուղղությամբ։ Հայաստանը պատրաստակամ է ֆորումի անդամների հետ իրականացնել համատեղ նախաձեռնություններ ՅՈւՆԵՍԿՕ-ում և այլ բազմակողմ հարթակներում։

Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության էթնիկ զտումների, ավելի է վտանգել հայկական մշակութային ժառանգությունը»,–ասել է փոխնախարարը։

Նա նշել է, որ մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ավերման և ինքնության խեղաթյուրման պետական քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ մարդկության համար:

«Իրավիճակի լրջությունը պահանջում է, որպեսզի միջազգային հանրությունը հրատապ ջանքեր գործադրի։ Այս առումով մենք աջակցում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է:

Հուսով ենք, որ հավաքական ջանքերի և մարդասիրության, խաղաղության և մշակութային ժառանգության պահպանման արժեքներին մեր անսասան նվիրումով կկարողանանք նշանակալից ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում վտանգված հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։

Եզրափակելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործընկեր երկրների հետ համագործակցությանը՝ համատեղ խրախուսելու և պաշտպանելու մեր համընդհանուր ժառանգությունը, որն անփոխարինելի արժեք է ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության եզակի արտահայտում»,–ասել է Գևորգյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---