ՊԵԿ–ը հարկեր է պահանջում ՀՀ–ից ՌԴ մեկնած «խոպանչիներից»

ՊԵԿ–ը հարկեր է պահանջում ՀՀ–ից ՌԴ մեկնած «խոպանչիներից»

PanARMENIAN.Net - ՀՀ–ից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտները 2024–ի հունվարից Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից նամակներ են ստանում, որ հարկային պարտավորություններ ունեն և պետք է տույժեր մուծեն։

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ փորձագետ Տաթևիկ Բեժանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այդ հարցով իրենց են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ՌԴ–ում աշխատել են օրինական հիմքերով, ունեցել են պայմանագիր, նրանց համար գործատուն հարկեր է վճարել, ու անակնկալի են եկել, երբ ՀՀ ՊԵԿ–ից հարկային պարտավորությունների խախտման մասին նամակներ են ստացել, հայտնում է Sputnik Արմենիան։

Բեժանյանի խոսքով` երբ սկսել են ուսումնասիրել խնդիրը, պարզել են, որ դեռ 2018 թ. ԱՊՀ երկրները հարկային տեղեկություններ փոխանակելու մասին համաձայնագիր են կնքել Աստանայում։ ՀՀ–ն այն վավերացրել է 2020 թ. փետրվարին։

Ըստ այդ համաձայնագրի` եթե ՀՀ քաղաքացին ՌԴ–ում գտնվել և աշխատել է 183 և ավելի օր, դառնում է ՌԴ ռեզիդենտ ու կատարած աշխատանքի շահույթից վճարում 13 տոկոս եկամտահարկ։ Եթե քաղաքացին 183 օրից պակաս է գտնվել ՌԴ–ում, նա այլևս ՌԴ ռեզիդենտ չէ և վճարում է 30 տոկոս եկամտահարկ ու հետևաբար ՀՀ–ում ազատվում հարկերից։

«Խնդիրն առաջացնել է այն բանից հետո, երբ մեր քաղաքացիներից 30 տոկոսի փոխարեն գանձվել է 13 տոկոս։ Արդյունքում, քանի որ ՀՀ–ում եկամտահարկն ավելի բարձր է, քան 13 տոկոսը (2022 թ. համար այն 21 տոկոս է եղել), նվազագույն եկամուտների դրական տարբերությունը կազմել է 8 տոկոսի չափով, ու ՀՀ ՊԵԿ–ն այն հաշվարկել է ՌԴ աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ»,– նշել է Բեժանյանը։

Ըստ նրա խնդիրը միայն այսքանով չի սահմանափակվել. ՀՀ քաղաքացիները, որոնք տեղյակ չեն եղել ու չէին էլ կարող տեղյակ լինել, որ իրենք նման խախտում են իրականացրել, ՊԵԿ–ից տեղեկացվել են ոչ միայն այդ պարտավորության, այլև այն մասին, որ արդեն իսկ ենթարկվել են տույժերի յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0.04 տոկոսի չափով։ ՊԵԿ–ից վստահեցրել են, որ 2020 թվականից սկսած` 1005 մարդ է ծանուցվել հարկման այս մեխանիզմի մասին։

ՀԿ–ի փորձագետը համոզված է` անարդար վերաբերմունք է եղել ՀՀ աշխատանքային միգրանտների նկատմամբ։

«Ստացվում է նրանք, ովքեր անօրինական են աշխատել, պայմանագիր չեն ունեցել, հարկեր չեն վճարել, ավելի շահեկան վիճակում են հայտնվում։ Մյուս կողմից օրինական դաշտում աշխատող միգրանտներին հորդորում եմ չհետևել նրանց օրինակին. եթե որոշեն չկնքել աշխատանքային պայմանագիր, դա կարող է ունենալ շատ ավելի վատ հետևանքներ, օրինակ` կարող են ենթարկվել շահագործման։ Ես նրանց միայն խորհուրդ կտամ ՀՀ–ից դուրս չգտնվել 183 օր և ավելի, այդ դեպքում ՀՀ–ի համար նրանք ռեզիդենտ չեն հանդիսանա, և նման պարտավորություն նրանց առաջ չի ծագի»,– ընդգծել է նա։

Բեժանյանը խնդրի լուծման մի քանի տարբերակ է առաջարկում` ՊԵԿ–ը կարող է ուղղակի իրազեկել ու հաջորդ տարվանից սկսել կիրառել օրենքը կամ օրենսդրական փոփոխություն անել ու այդ տույժերն ուղղակի հանել օրենքից։

Ըստ ՀԿ–ի տվյալների 2022 թվականին ՀՀ ավելի քան 130 հազար քաղաքացի է աշխատանքային պայմանագիր է կնքել ՌԴ–ում, 2023 թվականին այդ թիվը մի փոքր պակաս է եղել։ Համեմատության համար նշենք, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող և Աստանայի համաձայնագիրը ստորագրած Ղրղզստանի միգրանտները նման խնդրի առաջ չեն կանգնել, այն դեպքում, որ ՌԴ աշխատանքային միգրանտների 13 տոկոսը Ղրղզստանից է, միայն 3 տոկոսը ՀՀ–ից։

Խնդրին արձագանքել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարելով, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած եկամտից հարկվող վճարի վերաբերյալ կարգավորումները նոր չեն, ՀՀ–ում և օտարերկրյա պետություններում հարկվող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և եկամտային հարկ վճարել սահմանված դրույքաչափերով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---