«ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ը փոխանցվել է կառավարությանը

«ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ը փոխանցվել է կառավարությանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդի» փոխանցած 20 տոկոսին համարժեք՝ 110,000 բաժնետոմս։

Կառավարության փետրվարի 29-ի հերթական նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն կատարելու համապատասխան որոշումը կայացրել է ընթացիկ տարվա փետրվարի 16-ի ընդհանուր ժողովում, հայտնում է Արմենպրեսը։

«Հիմք ընդունելով նշվածը և այն հանգամանքը, որ «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, հաշվի առնելով մեր ռազմավարական նպատակները, ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ընթացքը, նախագծով առաջարկվում է որպես նվիրատվություն ՀՀ-ին «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ից ընդունել ընկերության սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունները վերապահել վարչապետի աշխատակազմին»,-ասել է Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը՝ արձանագրելով, որ դրա շնորհիվ ժողովուրդը, ի դեմս ՀՀ կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունում ներկայության և մասնակցության հնարավորություն է ձեռք բերում։

Վարչապետը շեշտել է, որ մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու և պետության անվտանգությանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծելով ընկերությունների կողմից բաց բաժնետիրական քաղաքականությունը՝ կարևորել է Կառավարության աջակցությունն ու խրախուսումն այդ առումով։

«Պետք է հստակ ուղերձ հղենք, որ միջնաժամկետում, եթե հորդորները, աջակցությունը, խնդրանքը, չազդի՝ մենք պետք է գնանք օրենսդրական մեխանիզմների։ Ասենք՝ այս է մեր շուկայում աշխատելու օրենքը։ Բաց բաժնետիրական ընկերություն չես, ուրեմն ուրիշ կանոններ են գործում քեզ համար։ Թափանցիկության մեր ստանդարտները պետք է կատարեք, որովհետև մենք հարցերի ենք բախվել ու բախվում, որոնք մեզ համար խնդրահարույց են, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսակետից»,-ավելացրել է Փաշինյանը։

Ընկերությունը հունվարի 24-ին էր հայտարարել, որ տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն։ Ռուսական ընկերությունը վաճառվել է Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---