Տիգրան Դավթյան. Պետգնումների համակարգը Հայաստանում պետք է համապատասխանեցվի միջազգային պահանջներին

PanARMENIAN.Net - Պետգնումների համակարգը Հայաստանում պետք է համապատասխանեցվի միջազգային պահանջներին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, նախարարությունը համագործակցում է ՀԲ-ի ու ԵՄ-ի հետ SIGMA համակարգով պետգնումների ոլորտը բարեփոխելու հարցում, քանի որ այդ ոլորտի բարեփոխման գործընթացը տեւական բնույթ է կրում: «2005 թվականի հունվարին ընդունվեց «Պետգնումների» մասին օրենքը, կառավարությունը մեկ անգամ նաեւ հաստատել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, այդ թվում 2 շաբաթ առաջ կառավարությունը հաստատեց այդ ոլորտի զարգացման ռազմավարությունը»,-ասել է նա:



Ինչպես նշել է նախարարը, այս ռազմավարությունը լավ ուսումնասիրվել է, հաշվի են առնվել բոլոր կարծիքները, քննարկմանը մասնակցել են նաեւ միջազգային կազմակերպությունների մասնագետներ, այդ թվում ՀԲ-ի, ԵՄ-ի մասնագետները: Դավթյանն ասել է, որ ռազմավարությունն ընդգրկում է բարեփոխումների բոլոր նպատակները, խնդիրները, միջոցառումները, մեխանիզմները եւ հստակ ուղղությունները: «Այս միջոցառումների շրջանակներում մենք քայլ առ քայլ պետք է համապատասխանեցնենք պետգնումների համակարգը միջազգային պահանջներին»,-հավելել է նա: Նախարարը նշել է, որ կարեւորվում են ոչ միայն օրենսդրական դաշտի բարեփոխումներն, այլ նաեւ այդ օրենսդրության կատարումը, ինչը հաճախ «կաղում է Հայաստանի պես երկրներում»: Ըստ Դավթյանի, մեծ աշխատանք է նախատեսվում, սակայն շատ բան նաեւ արդեն արվել է:



Մյուս ուղղություններից, նախարարը նշել է, որ նախատեսվում են նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: «Մենք նախատեսում ենք որոշումների կայացման ապակենտրոնացում, այսինքն Պետգնումների գործակալության դերի նվազեցում, ինչը կնպաստի առկա ռիսկերի նվազեցմանը»,-ասել է նա: Մյուս կողմից, ըստ Դավթյանի, կստեղծվի Անկախ հանձնաժողով, որը որոշումներ կկայացնի վիճահարույց հարցերի շուրջ, ինչը հիմա կատարում է ֆինանսների նախարարությունը: «Երրորդ հիմնական ուղղությունը բնական մենաշնորհների ընդգրկման աստիճանի ընդլայնումն է պետկառույցների մեջ, մասնավորապես, պետգնումների համակարգում»,-ասել է նա: Դավթյանը պարզաբանել է, որ պետգնումների համակարգում ընդգրկվել են այն գնումները, որոնք իրականացվում են բնական մենաշնորհների, մասնավորապես էներգետիկայի, ջրային տնտեսության եւ այլ ոլորտներում:



Նախատեսվում է նաեւ համապատասխան կադրերի պատրաստում, պետգնումների համակարգի էլեկտրոնային կառավարման, մասնավորապես, էլեկտրոնային սակարկությունների եւ գնումների ներդնում:



Ըստ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, պետգնումների մեխանիզմը բավական լավ է գործում: «Ես չէի ասի, որ այդ մեխանիզմը թույլ է զարգացած, սակայն պետք է նոր խթան տալ նրա զարգացմանը»,-ասել է նա: Նրա խոսքերով, կյանքն իր ճշտումներն է մտցնում եւ պետք է օրենսդրական մակարդակով այդ շտկումները ներդնել օրեսնդրական ոլորտում:



Մինասյանը կիսում է նախարարի այն տեսակետը, թե խորհրդարանական մակարդակով պետք է ապահովել այդ ոլորտի զարգացման նոր փուլը: «Ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում ԱԺ-ն կանի ամեն ինչ, որպեսզի այդ ոլորտը պատշաճ կերպով զարգանա»,-ասել է նա:



Երեւանում մեկնարկել է «Պետգնումները, կոնցեսիան ու պետություն-մասնավոր հատված փոխգործակցությունը ԵՄ-ում ու Հայաստանում» թեմայով աշխատանքային սեմինար-խորհրդակցությունը, որին մասնակցում են ԵՄ-ի ու Հայաստանի մասնագետները:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---