Փոխնախարար․ Մեծ են շանսերը, որ ևս 8 տարի գազի գինը չի փոխվի

Փոխնախարար․ Մեծ են շանսերը, որ ևս 8 տարի գազի գինը չի փոխվի

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը։

Փոխնախարարը նշել է, որ 2019-ի հունվարի 1-ին է վերջին անգամ ՀՀ-ում գազի գինն ամրագրվել, ամեն տարի այդ անհանգստությունները կան, բայց դեռևս վերջին 5 տարում կայուն է, գրում է «Առավոտը»։

«Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական և շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենան: Եթե գազի գինը կայուն դառնա 300 հազար դոլար, դժվար Հայաստանի համար 165 դոլար գինը հնարավոր կլինի պահպանել: Բայց մենք տեսանք, որ երբ Եվրոպայում և միջազգային շուկաներում 2000-3000 դոլար էր, Հայաստանում պահպանվում էր 165 դոլար գազի գինը»,–ասել է նա:

Ըստ Վարդանյանի՝ կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որ գազի գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի։

Նա նշել է, որ 2022-ին կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որով ՀՀ-ի համար գազը մինչև 2031-ը ներառյալ որոշակի մեխանիզմներով պետք է պահպանվի ներկայիս արժեքով: Դա 8 տարի է անում՝ 2024-ն էլ հաշված:

«Եթե աշխարհաքաղաքական, տնտեսական որևէ մեծ փոփոխություն չլինի, մենք հնարավորություն ունենք պահպանելու, որովհետև ունենք ստորագրված փաստաթուղթ»,–ասել է նա:

Վարդանյանը նաև ասել է, որ այս տարի գործնականում ընդհանուր շուկա չի ձևավորվելու, ըստ ծրագրի, պետք է 2025թ-ից սկսեին գործել այդ շուկաները, սակայն հիմա քննարկվում է այն հետաձգել մինչև 2027-ը։

«Գազի ընդհանուր շուկայում կան մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ երկրների մեջ կոնսենսուս չկա: Երկրները համաձայնության չեն գալիս, որ պետք է գազի գնի ձևավորման սկզբունքները բոլորի համար լինեն նույնը: ՌԴ-ն ու Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանը ու կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար այդ սկզբունքները այլ պետք է լինեն: Եվ երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ գազի ընդհանուր շուկայի ձևավորումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը, օրինակ, Հայաստան-ՌԴ գազային համաձայնագիրը պետք է համաձայնեցվեն կամ դադարեն գործել: Գազ ունեցող երկրները՝ ՌԴ-ն ու Ղազախստանը էլի համաձայն չեն դրան ու կարծում են, որ պետք է երկու պայմանագրերը շարունակեն գործել մինչև իրենց ավարտը: Օրինակ, մեր համաձայնագրի ժամկետը մինչև 2043 թվականն է: Կա մի սկզբունք, որ գազի գինը նույնը պետք է լինի բոլոր տեղերում, բացի հանքավայրերը: ՌԴ-ն ու Ղազախստանը պնդում են, որ իրենց երկրում գործում է մեծ ու բազմաշերտ սուբսիդավորման համակարգ ու չի կարող ռուսական սպառողի համար նույն գինը լինել, ինչ բելառուսական կամ հայկական սպառողի: Մենք էլ ասում ենք, որ եթե սա ընդհանուր շուկա է ու ընդհանուր մաքսային միություն է, եթե գները տարբերվեն, կստացվի, որ տարբեր արտադրողների մոտ տարբեր ինքնարժեքներ կլինեն ու շուկաները պարզ է, որ մրցունակ չեն լինի, խնդիրներ կլինեն: Իրենք էլ կարծում են, որ ներքին շուկայի և ԵԱՏՄ-ի սկզբունքները պետք է տարբեր լինեն»,–ասել է նա:

Փոխնախարարն ասել է, որ այդ ընդհանուր շուկան մեզ համար բարդ է, որովհետև ռեժիմային կարգավորման հարցեր կան, ընդհանուր սահման չունենալու պատճառով մենք դրա հետ որևէ կերպ չենք առնչվում։

«Մեզ համար կարևոր է ՌԴ-Վրաստան ռեժիմային պայմանը և Վրաստան Հայաստան: Ես այնքան լավատես չեմ, որ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի գործարկումից հետո կարող ենք ինտեգրվել, որովհետև ընդհանուր սահման չունենք: Եթե նույնիսկ ստացվի լավ մատակարար գտնել, օնլայն գործարք չենք կարող անել՝ առանց Վրաստանի հետ համաձայնեցման»,–ասել է նա։

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է, թե ինչ է պլանավորվում ԵԱՏՄ-ի շրջանակներում, միասնական էներգետիկ շուկաների ձևավորման ոլորտներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---