Կոնսերվատորիայում ստորագրահավաք է՝ դասախոսներն ու ուսանողները դեմ են, որ այն տեղափոխվի կամ միավորվի այլ բուհի հետ

Կոնսերվատորիայում ստորագրահավաք է՝ դասախոսներն ու ուսանողները դեմ են, որ  այն տեղափոխվի կամ միավորվի այլ բուհի հետ

PanARMENIAN.Net - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ստորագրահավաք է։ Դասախոսական կազմն ու ուսանողությունը դեմ են, որ կոնսերվատորիան Ակադեմիական քաղաքի մաս կազմի, տեղափոխվի կամ միավորվի այլ բուհի հետ։

«Եթե մեզ այս շենքից հանեն, այլևս կոնսերվատորիա չի լինի ընդհանրապես, որովհետև մեզ ուրիշ վայրում տեղավորելը շատ բարդ է, բացարձակ նույնը չի լինի։ Եթե այլ տեղ լինի, կդառնա սովորական երաժշտական դպրոց»,- ասել է կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա նաև ԿԳՄՍՆ-ի որոշման դեմ առցանց ստորագրահավաք է կազմակերպել նաև change.org հարթակում։ Երգչուհին ուրախ է, որ ամբողջ անձնակազմը միահամուռ ոտքի է կանգնել պայքարելու համար, որ կոնսերվատորիայի շենքն այլ նպատակի չծառայի։

«Այս շենքին օգնություն, վերանորոգում, բարելավում է պետք, այլ ոչ թե այլ բան սարքել և մեզ ուղարկել չես հասկանում, թե ուր»,- ասել է Մայիլյանը։

Նա կտրականապես դեմ է մշակութային ուղղվածությամբ բուհերի միավորմանը, որոշումը սխալ է համարում․ երաժշտական բուհը չի կարող այլ բուհի միանալ։ Շեշտում է՝ ժամանակին, երբ քաղաքը կառուցվում էր, շատ խելացի ձևով էր դա արվում․ կոնսերվատորիայից երկու քայլ հեռավորության վրա են ֆիլհարմոնիկ համերգասրահը, Սայաթ-Նովայի դպրոցը, մյուս բուհերը ևս մոտ են։

«Այսինքն՝ արդեն խելացի դասավորված է, թեպետ մենք այս հարցին նախկինում չենք անդրադարձել, կարծիք չի եղել»,- ասում է երգչուհին։

Նա կասկածներ ունի, որ բուհերի այս հարցն արհեստականորեն օրակարգ է բերվել, որովհետև ավելի կարևոր հարցեր կան, որոնցից շեղում են մարդկանց։

Ինչ վերաբերում է ասեկոսեներին, թե շենքն արդեն վաճառված է, Մայիլյանը պնդում է՝ պետք է պետությունից պահանջեն ու ստանան մի փաստաթուղթ, հավաստիացում, որ նման բան չկա։

Փետրվարի 20–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվանից հարկավոր է գտնել մի ընկերություն, որը կկարողանա առաջարկել բուհերի շենքերի արդյունավետ կառավարման սխեմա:

«Այսինքն՝ վարձակալության տրվեն դրանք բոլորը և այլն, և ամբողջ եկամուտն ուղղվի Ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը: Կարծում եմ՝ այդ գույքի կառավարումն էլ է շատ լուրջ խնդիր, և պետք է մասնագիտացված միջազգային հեղինակություն ունեցող ցուցակված ընկերություն գտնենք, ով գա և մեզ սխեմա առաջարկի, թե ինչպես է պետք կառավարել այդ ենթակառուցվածքը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---