Տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ «Ո՞նց ենք զորքն անցնելու, գնանք՝ հող մշակելու

Տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ «Ո՞նց ենք զորքն անցնելու, գնանք՝ հող մշակելու

PanARMENIAN.Net - Տավուշի երկու գյուղերի՝ Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչներից շատերը,վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հրաժարվել են հարցազրույցից, շատերը չեն պատմել, թե կոնկրետ ինչ են խոսել, ինչ է ասվել, բայց իրենց մտահոգությունները փարատված չէին համարում, գրում է «Ազատությունը»։

Տավուշցիներից մեկի խոսքով՝ Կիրանցի հարակից Խեյրիմլի ադրբեջանական նախկին գյուղից այն կողմ ինքը վարելահող է մշակել, մտահոգված էր՝ ի՞նչ կլինի դրա ճակատագիրը, եթե վերջնական որոշում լինի հանձնել այն։ Այդ դեպքում ստացվում է, որ ինքը ստիպված է լինելու ադրբեջանական տարածքով անցնել իր վարելահողին հասնելու համար։

Բնակիչներից մեկն էլ ասել է, որ վարչապետի ցուցադրած քարտեզի մակետի համաձայն՝ իր տան մի մասը նման սահմանագծման պարագայում անցնում է Ադրբեջանին։ Հարցրել է վարչապետին՝ ի՞նչ կլինի իր տան ճակատագիրը։

Նիկոլ Փաշինյանը, ըստ մասնակիցների, հստակ պատասխաններ չի տվել, բայց խոստացել է՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, հավելել է, որ բանակցությունները վերջնական չեն։ Նա ասել է, որ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի տավուշցիների հետ։

«Ասաց՝ մինչև վերջնական բան լինի, նոր կգամ, ձեզ հետ նորից կզրուցեմ։ Վերջնական ոչ մի բան չասաց։ Մենք ասել ենք, որ այնտեղ մեզ հող ունենք, ասաց՝ դա մեր քարտեզի մեջ է, մեր տարածքն է։ Լավ, մեր տարածքն է, բայց եթե ինքը եկավ, իրենց զորքը եկավ, էդտեղ նստեց, մենք ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք։ Ո՞նց կարա ինքը մեզ ապահովի, որ մենք գնանք այնտեղ, հող մշակենք», - ասել է Կիրանցի բնակիչ Հարութ Ավալյանը։

«Նույն Ղարաբաղի բանը գալու է այստեղ էլի։ Մենակ դուրս ենք գալու, գնանք մի տեղ, բռնելու են, տանեն, էդպես պիտի լինի էլի։ Չենք կարողանալու գնանք մեր հողը, երեխուն չենք կարալու թողնել՝ մենակ գնա դպրոց», - նշել է նա։

«Ազատության» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գյուղերի բնակիչներին ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ներկայացրած քարտեզի մակետը։

«Ամենակարևոր ասելիքն այն օրվա ասուլիսի ասելիքն էր՝ Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաև այստեղ», - ասել է նա ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ առաջարկեց, ի՞նչ մտքերով էր եկել։

Փաշինյանը վստահեցրել է՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով։

«Բնականաբար, մեզ էլ են ասել, և մենք այդ հարցերին պատասխանել ենք։ Եվ մեր մոտեցումն այն է, որ մարդկանց բարձրացրած այնպիսի մի հարց պետք է չլինի, որը մնա անպատասխան։ Եթե մնա անպատասխան, դա նշանակում է, որ մենք լուծում չունենք հարցին»,–ասել է նա։

Փաշինյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի՝ 4 գյուղերի պահանջին, ասել էր, որ դրանք՝ դե յուրե Հայաստանի տարածքում չեն։ Փաշինյանը նաև չէր բացառել, որ սահմանազատումը պետք է սկսել Տավուշի մարզից։ Փաշինյանը ասուլիսի ժամանակ նաև հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Ոսկեպար և տեղում բնակիչներին ներկայացնել իրավիճակը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---