Աբրահամյան. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում

Աբրահամյան. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է, որ «հայաստանյան իշխանության հիմնական քաղաքական վարքագծային առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր խնդրահարույց իրավիճակներում, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ են բերում շանտաժի էլեմենտը, որը տարբեր փուլերում աշխատացրել է»։

Նա նշել է, որ լուռ ձևով այդ գործընթացն իրականացվեց մի քանի տարի առաջ Սյունիքում՝ Գորիս-Կապան ճանապարհային հատվածում, երբ իրականության մեջ ներքին կարգով, առանց որևէ քարտեզների, Հայաստանն ու Ադրբեջանը գնացին «ճշգրտումների» ճանապարհով, Ադրբեջանը ստացավ այն, ինչ ցանկանում էր, Հայաստանը դրա դիմաց չստացավ որևէ բան և ինչպես Սյունիքի դեպքում, Տավուշի դեպքում ևս չի ստանալու, գրում է Panorama.am-ը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացել է, նույնը կլինի Տավուշում։

Նա նշել է, որ իր անզորությունը, հանձնման քաղաքականությունը պարտակելու շրջանակներում իշխանությունն առաջ է բերում պատերազմական շանտաժը։

«Բայց նույն տրամաբանությամբ, այսօր, վաղը, ամիսներ, տարիներ հետո իշխանությունը կարող է այլ տարածքների զիջումների հետ կապված առաջ բերի ադրբեջանական շանտաժի մոտեցումը, թուրքական սպառնալիքը, դրա ներքո անընդհատ գնա շարունակական զիջումների։ Այսինքն, իշխանությունը չի իրականացնում սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունները, փորձում է քողարկել պատերազմական շանտաժի ներքո»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Աբրահամյանը հարցադրում է արել, թե արդյո՞ք Տավուշի 4 գյուղերը, հետո ևս 4-ը հանձնելու բանաձևի շրջանակներում խաղաղություն է ապահովելու ՀՀ-ում։

«Միանաշանակ ոչ։ Ակհայտ է մեր քաղաքացիներին, որովհետև այս խաղաքարտը իշխանությունը վեջին 4 տարիներին անընդհատ օգտագործել է, Հայաստանը գնացել է նոր զիջումների, ստացել է նոր սպառնալիքներ, նոր պատերազմներ»,–ասել է նա։

Նա նաև նշել է, որ այսօր իշխանությունը գնում է ոչ թե սահմանների իրականում ճշգրտումների ճանապարհով, այլ փաստացի միակողմանի 4, հետագայում +4 գյուղերի հանձնման ճանապարհով։

«Հայտարարվեց, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացը սկսվում է Տավուշից, սա այն դեպքում, որ մինչև գոնե երեկ հայաստանյան իշխանություններն այս կողմից, մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունները Բաքվից հնչեցնում էին այն մոտեցումը, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում չլուծված հարցերից մեկը վերաբերում է սահմանագծման ու սահմանազատման հիմքում դրված սկզբունքներին։ Պարզ ասած՝ իրավական բազա և քարտեզներ, որի հիման վրա պետք է տեղի ունենար գործընթացը։ Այսինքն, ունենք իրավիճակ, երբ պարզ չէ՝ կա՞ն արդյոք կոնսեսուսային քարտեզներ, որովհետև Ադրբեջանը չէր համաձայնվում այն քարտեզներին, որոնք Հայաստանն էր առաջարկում և իրավական փաստաթղթային բազա։

Հիմա դրա բացակայության պայմաններում 4 գյուղն Ադրբեջանին հանձնելը չի նշանակում սահմանազատում ու սահմանագծում իրականացնել»,- ասել է Աբրահամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---