ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդացությունը 10 տարում նվազել է 63%-ով

ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդացությունը 10 տարում նվազել է 63%-ով

PanARMENIAN.Net - Տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը հայտարարել է, որ վերջին 10 տարում Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը նվազել է 63%-ով։ Այդ մասին նա ասել է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված ասուլիսում։

Բանախոսը տեղեկացրել է, որ 2003 թվականից սկսած գործում է տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիրը, որի շրջանակներում կատարվող միջոցառումների նպատակն է հիվանդացության և մահացածության նվազեցումը, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ 2022-23 թթ․ ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ մահացության ցուցանիշները նվազել են 14% -ով։

Խաչատրյանը հայտնել է, որ 2023 թվականին շարունակել է արձանագրվել տուբերկուլոզով հիվանդացության և մահացվածության ցուցանիշների նվազում։

«Նախորդ տարի մենք 100 հազար բնակչի հաշվով արձանագրել ենք 1 մահ»,-ասել է Խաչատրյանը։

Տուբերկուլոզը՝ Mycobacterium tuberculosis (MTB) բակտերիայով հարուցվող ինֆեկցիոն հիվանդություն է, որը մեր օրերում դարձել է բուժելի:Այն հիմնականում ախտահարում է թոքերը, կարող է ախտահարել նաև այլ օրգաններ։ Ինֆեկցիան հիմնականում ընթանում է անախտանիշ. այս երևույթը կոչվում է լատենտ (գաղտնի) տուբերկուլոզ։ Լատենտ վարակի 10%-ը վերածվում է ակտիվ հիվանդության, որը, եթե մնա առանց բուժման, կհանգեցնի հիվանդների գրեթե կեսի մահվանը։ Ակտիվ տուբերկուլոզի դասական նշաններն են հազը, խորխում արյան առկայությունը, տենդը, գիշերային քրտնարտադրությունը և քաշի կորուստը։ Հիվանդությունը պատմության մեջ առկա է նաև որպես թոքախտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---