Կոնսերվատորիայի՝ այլ բուհի հետ միավորման դեմ ստորագրահավաքի արդյունքները ԿԳՄՍՆ-ում են. Մասնակիցները կտրականապես դեմ են

Կոնսերվատորիայի՝ այլ բուհի հետ միավորման դեմ ստորագրահավաքի արդյունքները ԿԳՄՍՆ-ում են. Մասնակիցները կտրականապես դեմ են

PanARMENIAN.Net - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ, վարչական, ուսանողական կազմերի և շրջանավարտների դիմում-պահանջը և դրա հիման վրա ԵՊԿ ուսխորհրդի կողմից կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները ներկայացվել են Կոնսերվատորիայի Լիազոր մարմնին՝ ԿԳՄՍ նախարարություն։

Դիմում-պահանջը ձևակերպվել է մարտի 12-ին տեղի ունեցած համակոնսերվատորիական ժողովում։

«Մենք՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներս, ուսումնաօժանդակ և վարչական կազմերի անդամներս, ուսանողներս և շրջանավարտներս, կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան որևէ այլ բուհի հետ միավորելուն, ներկայիս շենքից Կոնսերվատորիայի տեղափոխվելուն, «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելուն։

Դիմում ենք ԵՊԿ Լիազոր մարմնին՝ պահանջելով ՀՀ միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան չներառել «Ակադեմիական քաղաք» նախագծում, պահպանել բուհի կարգավիճակը և ինքնավարությունը՝ իր ներկայիս պատմական շենքում»,–ասվում է դիմում–պահանջում։

Կից ներկայացվել են նաև մեր դիրքորոշման հիմնավորումները։

Ստորագրահավաքին առցանց ձևաչափով մասնակցել են ԵՊԿ՝ արտերկրի շրջանավարտներ։ Ստորագրահավաքին ինքնաբուխ կերպով միացել են ՀՀ քաղաքացիներ և սփյուռքահայեր, այդ թվում նաև՝ առցանց ձևաչափով։ Ստորագրահավաքը սկսվել է մարտի 13-ին և ավարտվել մարտի 25-ին։ Առկա է 6290 վավեր ստորագրություն։

«Ակնկալում ենք Լիազոր մարմնի պատասխանը օրենքով սահմանված ժամկետում»,–ասվում է դիմում–պահանջում։

Մարտի 13–ին կոնսերվատորիայում ստորագրահավաք էր։ Դասախոսական կազմն ու ուսանողությունը դեմ են, որ կոնսերվատորիան Ակադեմիական քաղաքի մաս կազմի, տեղափոխվի կամ միավորվի այլ բուհի հետ։ ԵՊԿ ռեկտորատը ևս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։

Փետրվարի 20–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվանից հարկավոր է գտնել մի ընկերություն, որը կկարողանա առաջարկել բուհերի շենքերի արդյունավետ կառավարման սխեմա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---