Ցեղասպանագետ. Վախով եմ սպասում ապրիլի 24-ին ՀՀ վարչապետի հայտարարությանը

Ցեղասպանագետ. Վախով եմ սպասում ապրիլի 24-ին ՀՀ վարչապետի հայտարարությանը

PanARMENIAN.Net - Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած այն թեզին, թե պետք է գրանցել Ցեղասպանության 1․5 մլն զոհերի անունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հիմա նույնիսկ վախով է սպասում ապրիլի 24-ին Հայաստանի վարչապետի հայտարարությանը։

Նա նշել է, որ ցեղասպանությունը զուտ շատ մարդկանց սպանություն չէ, այն գործողություն է՝ ուղղված որոշակի խմբի ոչնչացմանը և կապ չունի, քանի մարդ է սպանվում այդ գործողության ընթացքում՝ Բոսնիական Սրեբրինիցայի 7000 տղամարդու սպանությունը Արդարության միջազգային դատարանը որակել է որպես ցեղասպանություն։

«Անդրանիկ Քոչարյանը չգիտի մի բան, որը թվում է, թե այնքան պարզ մի գիտելիք պետք է լինի հայ մարդու համար։

Անցած տարի ապրիլի 24-ին հիմնականում խոսում էի Հայոց ցեղասպանության ժխտողականութան մասին, բայց մտքովս չէր անցնի, որ այս ժխտողական թեզերից մեկը հայկական դաշտ պետք է մտնի հենց հայերի ձեռքով։

Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որովհետև իրոք անկանխատեսելի է, չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»,–ասվում է գրառման մեջ։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։

«Կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,– ասել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---