Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում

Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում

PanARMENIAN.Net - Կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում: Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում։

Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ Նախագիծը ներկայացրել է ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։

«Վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակներն առաջարկվում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, ինչպես նաև սահմանվում են զինծառայության սահմանափակումները, որոնց շրջանակներում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է տրանսպորտային միջոցներ ու տեխնիկա վարելն ու անձնակազմ ղեկավարելը»,- ասել է Պապիկյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա ասել է, թե այսօր էլ գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելու մասին է, որովհետև, նախարարի խոսքով, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, թե երբ նայում են վիճակագրությունները՝ տեսնում են, որ անկանոնությունները շատ են։

«Շատ դեպքերում մենք առաջնորդվում ենք լավատեսության այն կանխավարկածով, որ եթե խոսքը վերաբերում է հայրենիքին, հայրենասիրությանը, այնտեղ պետք չէ մեղավորության կանխավարկածով առաջնորդվել, բայց, երբ խորանում ես թեմաների մեջ, տեսնում ես, որ կան բազմաթիվ սողանցքներ»,- ասել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---