Խավիեր Սոլանան ու Ժոզե Մանուել Բարոզոն շնորհակալություն են հայտնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի նախագահի ջանքերը

PanARMENIAN.Net - Եվրամիության «Արեւելյան գործընկերության» մեկնարկային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պրահա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 8-ին Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության hարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները կարեւորել են «Արեւելյան գործընկերության» ընձեռած հնարավորությունները` խորացնելու կապերը Եվրամիության հետ, խթանելու առեւտրատնտեսական փոխգործակցությունը եւ դյուրացնելու ներգրավված երկրների հետ Եվրամիության վիզային ռեժիմը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է «Արեւելյան գործընկերության» մեծ պոտենցիալը` խթանելու ներգրավված երկրների միջեւ տարածաշրջանային փոխգործակցությունը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն իր հերթին «Արեւելյան գործընկերության» համատեքստում կարեւորել է հարավկովկասյան երկրների հետ Եվրամիության համագործակցությունը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը` նշելով, որ Եվրոպական հանձնաժողովն ուշադրությամբ հետեւում եւ աջակցում է առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Սերժ Սարգսյանը ու Խավիեր Սոլանան կարեւորել են Հայաստան ժամանած եվրոպական խորհրդականների խմբի աշխատանքը: Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Խավիեր Սոլանայի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է ժողովրդավարական գործընթացների շարունակական խորացումը Հայաստանում: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը հնարավորություն կտա լուրջ առաջընթաց արձանագրել նաեւ այդ ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն 2009-2011թթ.-երի գործողությունների ծրագիրը: Շուրջ 200 միջոցառում ենթադրող գործողությունների այս ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով հաստատվել էր «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի նախօրեին:

Խավիեր Սոլանան ու Ժոզե Մանուել Բարոզոն շնորհակալություն են հայտնել եւ բարձր գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի ջանքերը` վստահություն հայտնելով, որ առկա խնդիրների կարգավորումը կբերի ողջ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---