Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է

Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Տավուշի Բագրատաշեն գյուղի մոտակայքում, որտեղ մարդիկ, որպես բողոքի նշան, փակել էին Վրաստան տանող ճանապարհը, ցուցարարների և ոստիկանների միջև բախման ընթացքում բերման է ենթարկվել 13 անձ, որոնցից 5-ին ներկայացրել են Քննչական կոմիտե, մնացածին ազատ արձակել։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Ոստիկանները հրմշտելով ցրել են նրանց, հեռացրել մեքենաները ճանապարհից։

Քննչական ներկայացվածների մեջ է նաև քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Ավանեսյանը:

Նա նշել է, որ Սուրեն Պետրոսյանի բարձրաձայնած բոլոր խնդիրներն արձանագրել են։ ՄԻՊ–ն իր աշխատակիցներին հանձնարարել է, որ ՁՊՎ–ում պահման ժամկետը լրանելուց հետո նորից այցելեն նրան, որպեսզի կարողանան երաշխավորել պատշաճ ազատ արձակումը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Նրա նկատմամբ կա քրեական հանցակազմի մասին տեղեկություն։ Նա ձերբակալվել է քրեական գործի շրջանակում»,– ասաց ՄԻՊ–ը։

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը դատապարտել է ապրիլի 23-ին Տավուշում խաղաղ քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները։

«Կոչ ենք ուղղում պատկան մարմիններին անմիջապես արձագանքել, քրեական գործ հարուցել և պատժել անհամաչափ, բռնի ուժ կիրառած ոստիկաններին, որոնց գործողությունների հետևանքով Միհրան Մախսուդյանը մինչև այս պահը գտնվում է հիվանդանոցում»,– ասված է հայտարարության մեջ:

Շարժումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում հստակ գնահատական տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող գործողություններին։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---