Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել

Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայատառ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։ 100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով անվանակոչվել է Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են և ելույթներով հանդես եկել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ «Ազնավուր» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի։

Հայաստանի դեսպանի, Փարիզի և Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետերի և Նիկոլա Ազնավուրի կողմից հանդիսավոր բացվեց պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։

Քաղաքապետ Հիդալգոն նաև հայտարարել է, որ առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն Մեծ Արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:

Մայիսի 22–ին Հայաստանում և աշխարհի շատ վայրերում նշել են Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---