13 մայիսի 2009 - 23:06 AMT
Ե՞րբ են Բաքվում սկսելու փնտրել «հայկական հետքը» Եվրատեսիլում չկայացած ահաբեկչության մեջ
«Եվրատեսիլի» առաջին եզրափակչի օրը Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները կանխել են անհայտ ավազակների կողմից ծրագրվող ահաբեկչությունը: Եվրոպայի երգի մրցույթը տեղի էր ունենում «Օլիմպիական» մարզահամերգային համալիրում, որի կողքին չեկիստները 9մմ տրամագծով 6 փամփուշտներով պոլիէթիլենային փաթեթ են գտել: ԱԻ տեղի է ունեցել մրցույթի մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ: Արտիստները պետք է բեմ դուրս գային ժամը 23:00-ին, իսկ Վիպոլզովի փողոցի եւ Օլիմպիական պողոտայի հատման մասում զինամթերքով գաղտնարանը հայտնաբերել են 19:30, հաղորդում է Life.ru-ն:

Դրա հետ մեկտեղ մի քանի օր առաջ Day.az-ը կանխատեսեց իրադարձությունները եւ հայտնեց, որ «Եվրատեսիլ 2009» մրցույթի ժամանակ կարող է ահաբեկչություն իրականացվել: Ադրբեջանական կայքի վարկածով «ահաբեկչություններ իրականացնելով Մոսկվայում` հայ ահաբեկիչները միանգամայն կարող են հուսալ, որ վերջերս ակտիվորեն զարգացող ռուս-թուրքական փոխհարաբերությունները կվատթարանան»:

Ադրբեջանական մամուլը նույնանման «հայկական հետք» գտավ նաեւ Բաքվի Նավթային ակադեմիայի ուսանողների գնդակոծության մեջ: Մասնավորապես, Bakiliar.az-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ «Վրաստանի իրավապաշտպան եւ հատուկ ծառայության մարմինները հաստատել են այն հայի անձը, որը մասնակցել էր Ֆարդա Գադիրովի կազմակերպած հարձակմանը Բաքվի Նավթային ակադեմիայի վրա, դիվերսիայի իրականացման գաղտնի գործունեությանը: Ներկա պահին իրականացվում են նրա ձերբակալման միջոցառումները: Կատարվածի կապակցությամբ Վրաստանում գործում է Ադրբեջանի ՆԳՆ հատուկ խումբը»:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է վրացի քաղաքագետ Պաատա Զաքարեշվիլին, հայերի հասցեին մեղադրանքն այնքան անհեթեթ եւ ծիծաղելի է, որ Վրաստանում այդ մասին անգամ չեն խոսում: «Վրաստանում Ադրբեջանի ՆԳՆ ոչ մի հետաքննչական խումբ չկա, այդ ամենը ադրբեջանական մամուլի հնարածն է»,- ընդգծել է Զաքարեշվիլին` ավելացնելով, որ Վրաստանում ոչ ոք չի մեկնաբանելու այդ բացահայտ սուտը: