Տիկնիկայինի դիմաց կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը

Տիկնիկայինի դիմաց կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը

PanARMENIAN.Net - Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանը: Oգոստոսի 10–ին լրանում է նրա ծննդյան 100–ամյակը, ինչի կապակցությամբ էլ նախաձեռնվել է մեծանուն արտիստի արձանի պատրաստման գործընթացը։

Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։ 2.8 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում` Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց, սալահատակված մայթին, հայտնում է ԿԳՍՄ նախարարությունը։

Արձանի տեղադրման վայրը համաձայնեցվել է արտիստի ժառանգների հետ և հաստատվել է Երևանի ավագանու որոշմամբ։

Արձանի մտահղացման հիմքում ընկած է Երվանդ Մանարյանին մեծ ճանաչում բերած «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մի հատվածը: Ֆիլմի հերոսը, երևակայական մոտոցիկլի վրա նստած, սլանում է առաջ՝ ձեռքում պահած իր ներկայացումների կերպարներից «Անհաղթ աքլորը»:

Հաշվի առնելով, որ Երվանդ Մանարյանի ստեղծագործական գործունեությունը անմիջականորեն կապված է եղել Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հետ, ինչպես նաև հետագայում թատրոնում իրականացվելու են Ե. Մանարյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ` արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերումը կկատարվի «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 137 մլն դրամ գումար է հատկացվել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հարդարման, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար:

Երվանդ Մանարյանն անգնահատելի ժառանգություն է թողել սերունդներին. նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, հեղինակել բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, նկարահանվել ֆիլմերում, հրատարակել պատմվածքներ և հոդվածներ։ 1957-59 թթ. նա եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը:

 Ուշագրավ
Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
---