Թուրքիայի ԱԳն նախկին ղեկավարը չի հավատում մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳն նախկին նախարար Իլթեր Թուրքմենը գտնում է, որ մոտ ժամանակներս Անկարային չի հաջողվի կարգավորել Երեւանի հետ հարաբերությունները: Դիվանագետի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ: «Որքան ես գիտեմ, Թուրքիան սկզբնապես պահանջում էր Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններից, այլ ոչ թե հենց Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերում: Սակայն այժմ վարչապետը խոսում է բոլորովին այլ բաներ: Նա ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը հենց Լեռնային Ղարաբաղից»,- հայտնել է Թուրքմենը:



Նա ավելացրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն ավելի բարդ է, քան Կիպրոսյան հիմնախնդիրը: «Ինձ թվում է, որ մոտ ապագայում Անկարան չի կարողանա կարգավորել Երեւանի հետ հարաբերությունները եւ կկորցնի այն հնարավորությունը, որն ընձեռվել էր Երեւան Գյուլի կատարած այցից հետո»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավարը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---