Կրքերը Եվրատեսիլի շուրջ շարունակվում են. Բաքուն հուշարձաններից անցել է երգերին

PanARMENIAN.Net - Չեն հանդարտվում Եվրատեսիլի շուրջ կրքերը, որի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին: Այժմ հերթը հասել է հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարած երգին: Ադրբեջանի մամուլում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ «Ջան-ջան» երգը, որի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Մանէ Հակոբյանը, «կրկնօրինակվել է ադրբեջանցի կոմպոզիտոր Թոֆիկ Կուլիեւի «Նախչիվանի» երգից»:



Գրագողության մեղադրանքների առնչությամբ մեկնաբանություններ ստանալու համար PanARMENIAN.Net ի թղթակիցը դիմել է երաժշտագետ Ալինա Փահլեւանյանին. «Անշուշտ, «Ջան-ջան» երգը հայկական է, նույնիսկ անհեթեթություն է այդ առնչությամբ ապացույցներ որոնելը: Ադրբեջանական կողմը հաճախ է անհիմն մեղադրանքներ ներկայացնում, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ ցանկացած մարդու, անկախ ազգային պատկանելիությունից, այս կամ այն ազգային գործիքի կատարումը կարող է դուր գալ, հիշվել եւ հաճելի լինել լսողության համար»:



Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի խոսքերով, նա ճանաչում էր ադրբեջանցի կոմպոզիտոր Թոֆիկ Կուլիեւին եւ վստահ է, որ վերջինիս դուր չէին գա նման անհիմն մեղադրանքները: Կոմպոզիտորն ինքը հայկական «Ջան-ջան» երգի հասցեին մեղադրանքների մասին նորությունը մեկնաբանել է հետեւյալ կերպ.



«Ես բացառում եմ Թոֆիկ Կուլիեւի երգից հայ կոմպոզիտորի գրագողությունը: Երգը, որով Հայաստանը ելույթ է ունեցել այս տարի Եվրատեսիլում, իր կառուցվածքով հիմնված է արեւելյան ռիթմերի վրա` հայկական մեղեդիների գերակշռությամբ: Պարզապես, եթե մեծ ցանկություն կա, կարելի է անհիմն կերպով գրագողություն կամ նմանություն փնտրել ամեն տեղ, եթե ի սկզբանե նման նպատակ է հետապնդվում»:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---