Այսօր Աստանայում տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Աստանայում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: ԱՊՀ վարչապետները կքննարկեն ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին ծրագրի իրագործման հարցերը:



Ինչպես հաղորդում է ԱՊՀ Գործկոմի մամլո ծառայությունը, ենթադրվում է, որ նիստի ընթացքում ԱՊՀ կառավարությունների ղեկավարները փաստաթղթերի 18 նախագիծ կքննարկեն:



Նիստի օրակարգի գլխավոր կետը կլինի մինչեւս 2020թ. ԱՊՀ Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2009-2011թթ.) իրագործման միջոցառումների ծրագրի մասին հարցը: Վարչապետները կքննարկեն նաեւ ԱՊՀ պետությունների 2009-2010թթ. հումանիտար համագործակցության ոլորտում համագործակցության Առաջնային միջոցառումների նախագիծը, ԱՊՀ երկրներ մուտք գործող երրորդ պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքների եւ այլ ծրագրեր:



Հայկական պատվիրակությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ժամանել է Աստանա նախօրեին երկօրյա աշխատանքային այցով: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ այլ պաշտոնյաներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---