Ռադան հայտարարություն է ընդունել պատերազմից հետո Ուկրաինայում ընտրությունների անցկացման մասին![]() 25 փետրվարի 2025 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Գերագույն ռադան փետրվարի 25-ին, նախորդ անհաջող փորձից հետո, ընդունել է հայտարարություն, որտեղ շեշտվում է երկրի ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությունը շարունակվող պատերազմի պայմաններում։ Հայտարարության համաձայն՝ Ուկրաինայի խորհրդարանը նախագահական ընտրություններ կանցկացնի միայն այն ժամանակ, երբ երկրում ապահովվի «ամբողջական, արդար և կայուն խաղաղություն»։ Այդ մասին հայտնել է «Գոլոս» խմբակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ «Երկրորդ փորձից այսօր, այնուամենայնիվ, քվեարկեցինք №13041 ժողովրդավարության (և Զելենսկուն ու առաջիկա ընտրություններին աջակցելու) մասին որոշման օգտին։ Սա այն էր, որը երեկ տապալվեց...»,–նշել է նա, գրում է Pravda.com.ua-ն։ Փաստաթղթում ընդգծվում է, որ «Ուկրաինայի Գերագույն ռադան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընտրվել են ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ, ինչը ճանաչվել է ամբողջ միջազգային հանրության կողմից»։ Փաստաթղթի հեղինակները նշում են, որ ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացումը չի ապահովի ազգային և միջազգային ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների պահպանումը, ինչի հետևանքով դրանք կկորցնեն իրենց լեգիտիմությունը՝ վերածվելով Ռուսատանի Դաշնությունում 2024-ի մարտին Վլադիմիր Պուտինի «վերանշանակման» նման մի գործընթացի։ «Ուկրաինայի Գերագույն ռադան ընդգծում է, որ հենց Վլադիմիր Պուտինն է պատասխանատու այն բանի համար, որ այսօր Ուկրաինայում հնարավոր չէ կազմակերպել ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ, որոնք կճանաչվեին միջազգային հանրության կողմից... Ուկրաինայի Գերագույն ռադան արձանագրում է, որ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ներխուժման պայմաններում սահմանված ռազմական դրությունը թույլ չի տալիս անցկացնել ընտրություններ՝ համաձայն Ուկրաինայի Սահմանադրության։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ժողովուրդը միասնաբար պնդում է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան պատերազմից հետո։ Ուկրաինայի Գերագույն ռադան ուկրաինացի ժողովրդի անունից հայտարարում է, որ Ուկրաինան՝ որպես ժողովրդավարական երկիր, խաղաղության հաստատումից հետո խորհրդարանի որոշմամբ կանցկացնի նախագահական ընտրություններ՝ ապահովելով դրանց համապատասխանությունը միջազգային բոլոր ընտրական չափանիշներին»,–ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ նախագահ Զելենսկու լիազորությունների լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվում։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է շարունակի իր լիազորությունները մինչև նոր նախագահի պաշտոնամուտը՝ ըստ Ուկրաինայի Սահմանադրության 108-րդ հոդվածի առաջին մասի»,– նշվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև բանավեճը ավելի է սրվել այն բանից հետո, երբ Թրամփը Զելենսկուն անվանել է «բռնապետ»։ Թրամփի քննադատությունը հաջորդել է Զելենսկու ավելի վաղ արված հայտարարությանը, որտեղ ուկրաինացի առաջնորդն ասել էր, որ Թրամփն ընկել է Ռուսաստանի «խեղաթյուրված տեղեկատվության տարածության» մեջ։ Սա հետևել է Թրամփի պնդմանը, թե Զելենսկու նախագահությունը ոչ լեգիտիմ է, քանի որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |