Բժիշկները զգուշացնում են վեյփ ծխելու հետևանքով նոր և վտանգավոր հիվանդության մասին

Բժիշկները զգուշացնում են վեյփ ծխելու հետևանքով նոր և վտանգավոր հիվանդության մասին

PanARMENIAN.Net - Բժիշկներն ու մասնագետները զգուշացնում են վեյփ ծխելու հետևանքով առաջացած նոր և վտանգավոր հիվանդության մասին՝ խոսքը EVALI-ի մասին է (անգլերեն՝ E-cigarette and Vaping use-Associated Lung Injury` թոքերի վնաս՝ պայմանավորված էլեկտրոնային ծխախոտով և վեյփերի կիրառմամբ): Այդ մասին զգուշացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

EVALI-ն թոքերի հյուսվածքի սուր ինհալացիոն վնասվածք է։ EVALI ունեցող 95% պացիենտների համար պահանջվում է հոսպիտալացում թոքային կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 1/3-ի համար պահանջվում է թոքերի արհեստական օդափոխություն:

Նշվում է, որ մասնագետների գնահատմամբ՝ էլեկտրոնային նիկոտին պարունակող կամ նիկոտինազուրկ արտադրանքի օգտագործումը կարող է առաջացնել ոչ միայն EVALI, այլև սրտի, արյան անոթների, շնչառական համակարգի ախտահարում:

«Հիվանդության ուսումնասիրությունը դանդաղել է կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելուց ի վեր՝ առաջացած ախտանիշների նմանության պատճառով, և դրա հայտնաբերման մակարդակը դադարել է աճել, ինչը, սակայն, չի նվազեցնում դրա վտանգը վեյփ օգտագործողների համար:

Հիվանդությունը ստացել է «պոպկորնային» անունը, քանի որ պացիենտի թոքերից լսվում է պայթող պոպկորնի նմանվող ձայն։ Այն ուղեկցվում է շնչառական դժվարություններով, հազով, ցավով և թթվածնային քաղցով։»

Yale Medicine պորտալում հրապարակված տվյալների համաձայն՝ արդեն 2019-ի ամռանը ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) սկսել է հետաքննել վեյփի հետ կապված հոսպիտալացումների կտրուկ աճը։ Հիվանդների մեծ մասը ներկայացրել է շնչառական բազմաբնույթ գանգատներ՝ ներառյալ շնչառության խանգարում, հազ և կրծքավանդակի ցավ։ Ըստ տվյալների՝ բոլոր այս դեպքերում հիվանդները վերջին երեք ամսվա ընթացքում օգտվել են վեյփերից։ 2020-ի փետրվարին CDC-ն արձանագրել է ավելի քան 2800 հոսպիտալացում՝ պայմանավորված EVALI-ով, ինչպես նաև 68 մահ այս վիճակի հետևանքով»,–ասվում է հրապարակման մեջ։

EVALI-ն կարող է ուղեկցվել հետևյալ ախտանիշներով․

  • Շնչառության դժվարություն
  • Հազ
  • Կրծքավանդակի ցավ
  • Ջերմություն և դող
  • Լուծ, սրտխառնոց, փսխում ու որովայնի ցավ
  • Արագ սրտազարկ
  • Արագ ու մակերեսային շնչառություն

Նշվում է, որ ախտորոշումն էլ ունի իր բարդությունները։ EVALI-ի ախտանիշները հաճախ նման են շնչառական այլ հիվանդություններին, այդ թվում՝ թոքաբորբին և սեզոնային գրիպին, ինչը բարդացնում է դրա տարբերակումը։

Հստակ թեստ այս հիվանդությունը հաստատելու համար գոյություն չունի, և բժիշկներն անհրաժեշտության դեպքում իրականացնում են բազմաթիվ հետազոտություններ՝ բացառելով այլ հնարավոր պատճառներ, ինչը հայտնի է որպես «բացառման մեթոդ»։

Բուժման տարբերակները ներառում են՝

  • Կորտիկոստերոիդներ՝ բորբոքման նվազեցման համար։
  • Աջակցող թերապիա՝ լրացուցիչ թթվածնի մատակարարմամբ կամ, անհրաժեշտության դեպքում, արհեստական շնչառությամբ։
  • Հակաբիոտիկներ՝ երբ վարակիչ բնույթի հավանականությունը դեռևս բացահայտված չէ։
  • Հակավիրուսային միջոցներ՝ հատկապես գրիպի սեզոնին կիրառվելու համար։

Քանի որ հիվանդությունն առայժմ նոր է, հնարավոր չէ հստակ ասել՝ ինչ վիճակում կլինեն պացիենտները ապաքինումից հետո։ Նշված հոդվածում նշվում է, որ որոշ դեպքերում հիվանդները կրկին են հիվանդացել՝ դադարեցնելուց հետո ստերոիդային բուժումը, ինչի հետևանքով կարևոր է հետևողական վերահսկողությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---