Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ կանցկացնի

Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ կանցկացնի

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որին մասնակցել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, անդրադարձ է եղել ավագ դպրոցի «Վերջին դաս» միջոցառմանը։

Նշվել է, որ նախատեսվում է ավանդական«Վերջին զանգը» վերափոխել մշակութային բովանդակությամբ։ Նախարարությունը մշակել է համապատասխան ուղեցույց և մտադիր է անցկացնել մրցույթ՝ խրախուսելու լավագույն մշակութային ձևաչափով միջոցառումների իրականացումը։ Դպրոցների մասնակցությունը կլինի կամավոր, իսկ հայտերը կուսումնասիրվեն Երևանում և մարզերում ձևավորված հանձնաժողովների կողմից։ Լավագույնները կպարգևատրվեն։

«Իհարկե, հաղթող ճանաչելու գործընթացը պայմանական է, քանի որ իրականում մեր նպատակն է խթանել, որ «Վերջին դասն» իրապես դառնա առավել երեխայակենտրոն։ Միջոցառումը պետք է ապահովի երեխաների առավել մեծ մասնակցություն և պարունակի մշակութային շեշտադրումներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ մշակվել է նաև վերջին զանգի անցկացման մշակութային ուղեցույց։

Համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային նախաձեռնություններին։

Նախարարի տեղակալը նշել է, որ ուսումնական տարվա ավարտին կկազմակերպվի ևս մեկ ուսուցչական համաժողով, որի ընթացքում կամփոփվեն ինչպես նոր չափորոշչի ներդրման, այնպես էլ մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված աշխատանքները։

Համաժողովում կարևորություն է տրվել նաև մշակութային նախագծերի ներդրմանը դպրոցներում՝ մասնավորապես ուսուցիչների մասնագիտական զարգացման, առաջնորդության, ուսուցչական համայնքների ձևավորման և փորձի փոխանակման ուղղություններով։

2024-2025 ուսումնական տարին հռչակվել է Մշակութային կրթության տարի։ Այս ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ միջոցառումներ, ծրագրեր և նախագծեր՝ կրթության և մշակույթի համատեղման ուղղությամբ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---