ՆԱՏՕ-ի ԽՎ-ն Բաքվի հակահայկական քարոզչության հերթական ատյանն է

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, ով վերջերս ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության կազմում փոխարինեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ԱԺ աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության աշխատակից եւ պատվիրակության քարտուղար Իզաբելա Ղազարյանի հետ մայիսի 23-26-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մասնակցեց Վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում, Վեհաժողովի աշխատանքներին ներկա էր նաեւ ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը: ԱԺ պատգամավորը մայիսի 23-ին մասնակցեց Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էին անվտանգության խնդիրների վերաբերյալ Նորվեգիայի մոտեցումներն ու պատկերացումները, ինչպես նաեւ Աֆղանստանի իրավիճակին, Սիբեր-պաշտպանությանը, ռազմական հակամարտություններում ու հետկոնֆլիկտային իրավիճակներում կանանց եւ աղջիկներին ուղղված սպառնալիքներին, խմբային (կլաստերային) մատակարարմանը, Օսլոյի գործընթացի ազդեցությանն ու հետեւանքներին, տարածքային պաշտպանությանն ու ռազմական զսպման կարիքներին առնչվող զեկույցներն ու խնդիրները: Ստեփան Սաֆարյանը մեկնաբանություններով ու հարցադրումներով հանդես եկավ մասնավորապես Աֆղանստանին, ապաեւ` ռազմական հակամարտություններում եւ հետկոնֆլիկտային իրավիճակներում կանանց եւ աղջիկներին ուղղված սպառնալիքներին նվիրված քննարկումների ժամանակ: Վեհաժողովում Ադրբեջանի ասոցացված պատվիրակության անդամ Մալահաթ Իբրահիմկըզին հակամարտության գոտիներում կանանց եւ աղջիկների բռնաբարման հարցերից «սահուն» անցում կատարեց ղարաբաղյան հակամարտությանը եւ Հայաստանին զրպարտող հայտարարություններ արեց` իբր Հայաստանի ագրեսիայի, Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի բռնազավթման եւ 1 միլիոն ադրբեջանցի փախստականների վերաբերյալ: Քննարկման թեմայի առնչությամբ իր մեկնաբանությունները ներկայացնելուց առաջ Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես նշեց. «Խորապես ցավում եմ, որ իմ խոսքը պետք է սկսեմ ադրբեջանցի իմ հարգարժան գործընկերոջ զրպարտություններին պատասխանելով: Ես միանգամայն այլ ելույթ էի պատրաստվում ունենալ, սակայն հարկադրված եմ խոսքս դրանից սկսել: Ես հասկանում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներն իրենց բարձրագույն ղեկավարությունից իջեցված առաջադրանք ունեն` օգտագործել ցանկացած ֆորում եւ հնարավորություն` Հայաստանին զրպարտելու, իրականությունը խեղաթյուրելու համար: Տիկնայք եւ պարոնայք, մենք կարող ենք պատմական փաստերն ու պատմությունը տարբեր կերպ մեկնաբանել, սակայն հնարավոր չէ կեղծել փաստերն ու նոր պատմություն գրել:



Ես կհամաձայնեմ իմ գործընկերոջ մի բնորոշման հետ, սակայն խմբագրական որոշակի փոփոխությամբ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բռնազավթման ու ագրեսիայի տապալված փորձի ողբերգական պատմություն է. ավելի ստույգ` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական նախահարձակ ագրեսիայի ու բռնազավթման տապալված փորձի, երբ Ադրբեջանը որոշեց ռազմական ճանապարհով գրավել այն, որը կանխվեց հայկական արդյունավետ պաշտպանությամբ: Եվ այսօր ադրբեջանցի իմ գործընկերը փորձում է խեղաթյուրել այդ փաստը, որը ողբերգական հետեւանքների ու ներկայիս իրողություններին հանգեցրեց: Անհնար է պատմության վերաշարադրումը, ինչը փորձում է նա անել»: Այնուհետեւ Ս.Սաֆարյանը արծարծեց ռազմականացված տարբեր հակամարտություններում կանանց ներգրավվածությանն ու զինաթափմանը վերաբերող հարցը եւ մարտահրավերները: Նրա ելույթից հետո ադրբեջանցի պատգամավորն անմիջապես նյարդայնացած եւ ցուցադրաբար` խանգարելով նիստի ընթացքը, գոռգոռալով լքեց նիստերի դահլիճը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---