Կաթողիկոսը՝ Բեռնում․ Գրավված են ՀՀ սահմանային կենսական տարածքներ, ոչնչացվում է ԼՂ հոգևոր ժառանգությունը![]() 27 մայիսի 2025 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնության, մայիսի 26-28-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում նախաձեռնել են միջազգային համաժողով՝ «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով։ Մեկնարկը տրվել է Գարեգին Երկրորդի ուղերձով՝ նա նշել է, որ Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից։ Նա խոսել է նաև այն մասին, որ գրավված են ՀՀ սահմանային կենսական նշանակություն ունեցող տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ «2020 թվականից սանձազերծված 44-օրյա և ապա նաև 2023 թ. լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները, պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ»,-նշել է կաթողիկոսը։ Նա ընդգծել է, որ արցախահայությունն իր հայրենի հողի վրա դարեր շարունակ, հավատարիմ լինելով հավատքին ու ազգային ինքնությանը, արժանապատվորեն ապրել է՝ իր ստեղծագործություններով հարստացնելով համաշխարհային մշակույթը։ Նա նշել է, որ Արցախի բռնազավթումից հետո էլ շարունակվում է ադրբեջանական իշխանությունների ձեռամբ հայկական պատմական կառույցների, քրիստոնեական սրբավայրերի, գյուղական բնակավայրերի ու գերեզմանոցների կազմակերպված ոչնչացումը։ Ըստ Կաթողիկոսի՝ Ադրբեջանի պետությունը, հետևելով նպատակային քաղաքականությանը, փորձում է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգությունը վերագրել աղվանական ինքնությանը՝ զրկելով այն հայկական արմատներից։ «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը։ Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությանն է լծվել նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն օրեր առաջ հանդես եկավ ստահոդ հայտարարություններով»,-հավելել է Վեհափառը։ Նա նշել է, որ Ադրբեջանի հայատյաց այս նույն գործելաոճով ժամանակին վայրագ ոչնչացման ենթարկվեցին Նախիջևանի հայկական սրբավայրերը, իսկ ճիշտ քսան տարի առաջ՝ 2005 թ., հողին հավասարվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի շուրջ վեց հազար խաչքարերը։ «Մշակութային ոճրագործությունները ցավալիորեն չեն ճանաչում աշխարհագրական սահմաններ, և ամենուր են, որտեղ խաթարվում են մարդու և ժողովուրդների իրավունքները, դրսևորվում այլատյացություն և անհանդուրժողություն, անտեսվում հոգևոր ժառանգության վսեմ արժեքն ու կարևորությունը։ Մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոճիրները արդարորեն դիտարկվում են ոչ միայն որպես մեկ ազգի, այլ համամարդկային արժեքների դեմ հանցագործություն։ Բարբարոսական այսօրինակ ոճրագործությունների անպատժելիությունը ամենաթողության մթնոլորտ է ձևավորում ոչ միայն Ադրբեջանի մշակութակործան ոճիրները շարունակելու համար, այլ նաև նախադրյալներ է ստեղծում և քաջալերանք հանդիսանում նմանատիպ և ավելի դաժան հանցագործությունների իրականացման աշխարհի այլ վայրերում»,-ասել է Գարեգին Բ–ն։ Նա նշել է, որ մշակութային արժեքների պաշտպանությունը բոլորի համար ոչ միայն նվիրական պարտավորություն է, այլև ազգերի ու ժողովուրդների պատմության, հավատքի և ինքնության պահպանության հրամայական։ «Ժամանակակից աշխարհում չպետք է հանդուրժվեն մարդկության ու մարդկայնության դեմ նման սոսկալի եղեռնագործություններ, ազատության, արդարության ու իրավունքի հիմնասյուները խարխլող արարքներ։ Այո՛, ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ»,–ասել է նա։ Եզրափակելով իր ելույթը՝ Նորին Սրբությունը կարևորել է համաժողովի կազմակերպումը և արտահայտել հույս, որ միջազգային համայնքի պատասխանատու կառույցները և պետությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախի հոգևոր ժառանգությունն ու վերականգնելու արցախահայության՝ իրենց հայրենի հող վերադարձի և ազատ ապրելու իրավունքը, ինչպես նաև ապահովելու հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը։ Նա շնորհակալություն է հայտնել քրիստոնեական քույր Եկեղեցիներին ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ ցուցաբերած աջակցության և հայ ժողովրդին ու Արցախի իրավունքների պաշտպանությանը նվիրված դիրքորոշման համար՝ հաջող ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |