Բուլղարիան մտադիր է համագործակցել Հայաստանի հետ ճարտարապետական հուշարձանների վերականգնման ոլորտում

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ից հունիսի 4-ը Հայաստանում Բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում տեղի են ունենում համերգներ ու տարբեր միջոցառումներ: Երկու երկրների մշակույթների նախարարություններն իրագործում են մշակութային մի ծրագիր Բուլղարիայի հայտնի ազգային ու դասական պարային համույթների մասնակցությամբ:



«Մեր երկրների ու ժողովրդների նմանության շնորհիվ ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեծվել, որ ես վաղուց եմ ծանոթ Հայաստանին, չնայած, որ առաջին անգամ եմ ձեր երկրում: Ես չափազանց ուրախ եմ, որ Բուլղարիան կրկին իր ողջ փայլով ներկայացավ Հայաստանի բնակիչներին եւ ոչ թե եզակի մի միջոցառմամբ, այլ ամբողջական մշակութային ծրագրով, որը կներկայացվի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում»,-Հայաստանում Բուլղարական մշակույթի տարվա բացման արարողության ժամանակ հայտարարել է Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Իվան Տոկաջիեւը:



Նրա խոսքերով, Բուլղարիան լրջորեն է նախապատրաստվել Հայաստանում Բուլղարական մշակույթի տարվան եւ անհամբեր սպասում է 2010թ. Բուլղարիայիում Հայաստանի մշակույթի տարվա անցկացմանը:



«Ինչպես Բուլղարիայում, այնպես էլ ողջ Եվրոպայում շատ մեծ պահանջարկ կվայելի Մատենադարանի նմուշների ցուցադրությունը, որտեղ մենք արդեն հասցրել ենք լինել եւ հիանալ ոչ միայն հին ձեռագրերով, այլ նաեւ մանրանկարչության հայ վարպետների բացառիկ արվեստով»,-իր տպավորություններն է կիսել Տոկաջիեւը:



Նա նաեւ հույս է հայտնել, որ այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք կբերվի զբոսաշրջության եւ պատմաճարտարապետական հուշարձանների ոլորտներում համագործակցության շուրջ:



«Ի տարբերություն Հայաստանի, Բուլղարիան եվրոպական կառույցների մշակութային ծրագրերին մասնակցելու առավել լայն հնարավորություններ ունի: Կարծում եմ, Հայաստանի, ինչպես նաեւ Բուլղարիայի համար գաղտնիք չէ, որ հնարավոր է արդյունավետ համագործակցություն հաստատել, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ Բուլղարիայի համար առավել դյուրին է եվրոպական կառույցներից երկու երկրների մշակութային ժառանգությունը պահպանելու եւ վերականգնելու համար միջոցներ ստանալ»,-ասել է Տոկաջիեւը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:



Նա նաեւ հավաստիացրել է, որ Բուլղարիան պատրաստ է հնարավորություն ընձեռել Հայաստանին փոխանակել բուլղար մասնագետների փորձը, որը նրանք ձեռք են բերել համագործակցելով իտալական եւ ֆրանսիական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են զբոսաշրջության զարգացմամբ ու պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնմամբ:



«Մենք բարձր որակավում ունեցող մասնագետներ ունենք այդ ոլորտում, սակայն դա դեռեւս չի նշանակում, թե Բուլղարիայում լուծված են զբոսաշրջության ոլորտի եւ պատմաճարտարապետական ժառանգության պահպանման բոլոր խնդիրները: Մենք դեռեւս շատ բան ունենք ավարտին հասցնելու, ինչպես նաեւ ստեղծելու համար: Հայաստանն ու Բուլղարիան պետք է գտնեն իրենց տեղը զբոսաշրջության ոլորտում` հաշվի առնելով երկու երկրների մշակույթների յուրահատկությունն ու ինքնատիպությունը»,-ասել է Իվան Տոկաջիեւը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---