ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն առաջինն է Մ17 ԵԱ թիմային հաշվարկում

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն առաջինն է Մ17 ԵԱ թիմային հաշվարկում

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Թիմային հաշվարկում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ շրջանցելով Վրաստանի և Ադրբեջանի թիմերին:

Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության հաղթող են ճանաչվել Մարատ Աճեմյանն ու Հայկ Մանուկյանը: 51 կգ քաշային կարգի եզրափակչում Աճեմյանը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչի հետ և 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, իսկ 60 կգ քաշային Հայկ Մանուկյանը եզրափակչում ժամանակից շուտ 11:3 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ:

Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը և 65 կգ քաշային Ջանես Նազարյանը: Մանջիկյանը եզրափակչում 2։2 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ Նազարյանը պարտվել է Վրաստանի ներկայացուցչին, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում Ավետիսյանը մրցել է Բուլղարիայի ներկայացուցչի հետ և 4:2 հաշվով կամային հաղթանակ է տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին:

Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատոճային ըմբիշներին:

Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արեն Փիրուզյանը (45 կգ), Արտակ Աղաբեկյանը (48 կգ), Վահան Ազարյանը (51 կգ), Արմեն Պապիկյանը (55 կգ), Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ), Դավիթ Դավթյանը (65 կգ), Ավետիք Թութխալյանը (71 կգ), Ավետ Ենգոյանը (80 կգ), Նարեկ Մարտիրոսյանը (92 կգ), Լաերտ Մովսեսյանը (110 կգ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---